
ՔՊ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն արդեն մի քանի անգամ խուսափել է լրագրողներից՝ չցանկանալով պատասխանել նրանց հարցերին։
Իշխանությունն, իհարկե, գոհ է նրա թեկնածությունից։ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասում է, որ փորձել են գտնել լավագույն լուծումը. «Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանն իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպան»,–ասել է Կոնջորյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես առհասարակ, խնդիր եմ տեսնում, երբ բարձրաստիճան պաշտոնյան, կամ բարձրաստիճան պաշտոնյայի թեկնածուն խուսափում է լրագրողների հետ շփվելուց, որովհետև պաշտոնյան պետք է շահագրգռված լինի արտահայտելու իր մոտեցումները, տեսակետները, պատասխանելու ցանկացած հարցի, որը հետաքրքրում է լրատվամիջոցներին:
Իսկապես, ՄԻՊ-ի թեկնածուին բազմաթիվ հարցեր կարող են լինել, և եթե դու պատրաստ ես զբաղեցնել այդ բարձր պաշտոնը, ուրեմն նաև պետք է պատրաստ լինես շփվել լրագրողների հետ: Ես այն կարծիքին եմ, որ պաշտոնյան կամ պաշտոնի թեկնածուն չի ուզում շփվել լրագրողների հետ, ուրեմն պետք չի, որ ինքը բարձրաստիճան պաշտոնյա դառնա: Ի վերջո, դա հանրային բարձր պաշտոն է և հանրությունը պետք է իմանա, թե ինչ տեսակետներ, մոտեցումներ ունի այդ անձնավորությունը, ինչպես է պատրաստվում աշխատել այս բավականին բարդ ժամանակահատվածում»:
Նա ընդգծեց, որ լրագրողներից խուսափելը լուրջ խնդիր է. «Լրագրողների հետ շփվելու հատկությունը և պատրաստակամությունը կարևոր հատկանիշներից մեկն է, թե արդյոք այդ անձնավորությունը կարող է աշխատել այդ պաշտոնում: Այդ պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է պրոակտիվ լինի և ինքը նույնիսկ նախաձեռնի այդպիսի շփումներ: Իսկ երբ լրատվամիջոցն է իրեն դիմում, առավել ևս նա ուղղակի պարտավոր է հարցերին պատասխանել: Խուսափելը նշանակում է կամ ասելիք չունենալ, կամ պատրաստ չլինել»:
Ինչ վերաբերում է պնդումներին, որ ՄԻՊ թեկնածուն պետք է հանրությանը հայտնի մեկը լինի, հանրային աջակցություն ունենա, Աշոտ Մելիքյանն ասաց. «Հանրային աջակցության մասին դեռ վաղ է խոսել, որովհետև պարտադիր չէ, որ ինքը շատ հայտնի լինի, բայց պետք է անպայման ինչ-որ ուղի անցած լինի, փորձ ունենա: Առայժմ տեսնում ենք, որ նա կարծես դրանք չունի»: