Գիտնականները պարզել են, որ այն չղջիկների թուքը, որոնք սնվում են արյունով, ինսուլտի ժամանակ կարող է փրկել մարդկանց կյանքը: Բանն այն է, որ նրա թքի մեջ առկա է մի միացություն, որը ջրիկացնում է արյունը և տարրալուծում ուղեղում առաջացած տրոմբները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Բուժումն իրականացնելիս բժիշկներն այժմ կատարում են սրսկումներ, որոնք տարրալուծում են լերդացած արյան գնդիկները նոպայից հետո չորս ժամվա ընթացքում: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չղջիկների թքից վերցված պրոտեինից սարքված դեղամիջոցները գործում են 9 ժամվա ընթացքում:
Գիտնականներին այս կենդանին հետաքրքրել է այն պատճառով, որ նա թուքն օգտագործում է, որպեսզի մինչև ծծելը ջրիկացնի արյունը: Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Ստաֆորդշիրի համալսարանական հոսպիտալի բժիշկներն այդ երկրում առաջիններից էին, որոնք փորձարկել են դեղամիջոցը: Եթե փորձարկումները հաջող ընթանան, ապա կարող են ուսումնասիրության նոր փուլ մտնել առաջիկա երեք տարիների ընթացքում:









































