
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին թվիթերյան գրառումով տեղեկացրել է, որ երկօրյա աշխատանքային այցով ժամանում է Հայաստան: Ընդ որում, բավականին ուշագրավ է գրառման, այցի ազդարարման այսպես ասած ոճական ու խորհրդանշական հանգամանքը: Փոխնախարարը շեշտում է, որ այցը մեկնարկում է Նովրուզին զուգահեռ: «Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց դիվանագիտական համակարգի աշխատանքը կենտրոնանում է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա:
Իմ հայ գործընկերոջ հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան», հայտարարել է փոխնախարարը, ինչից թերևս հնարավոր է եզրակացնել, որ Իրանի համար առաջիկա տարում Կովկասը լինելու է առաջնահերթ ուղղություն: Ըստ էության, այս հանգամանքը կարող է պայմանավորված լինել նրանով, որ ռեգիոնալ ավելի մեծ՝ մերձավորարևելյան համատեքստում, Թեհրանը Չինաստանի միջնորդությամբ կարծես թե ապահովում է դիվանագիտական բեկում, սկսելով արաբական աշխարհի հետ հարաբերության կարգավորման գործընթաց, մասնավորապես այդ աշխարհի ոչ ֆորմալ առաջնորդ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կարգավորում, ինչի համաձայնության մասին հայտարարվեց Պեկինում բանակցությունից հետո: Այդ իմաստով, Թեհրանը թերևս մերձավորարևելյան լայն ուղղությունը իր համար դիտարկում է նկատելիորեն ավելի կառավարելի և որոշակի վստահության պաշարով ապահովված, ձգտելով կենտրոնանալ նույն իրավիճակին Կովկասի ուղղությամբ հասնելու խնդրի վրա:
Կովկասը հարաբերական, պայմանական իմաստով Իրանի թիկունքն է և այստեղ իրավիճակի կայունությունը Թեհրանի համար ունի ռազմավարական նշանակություն: Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական դիմակայությունը ներկայումս Կովկասում էլ ծավալվում է դիվանագիտական մեծ աշխուժությամբ, ինչը բնականաբար բարձրացնում է լարվածության ռիսկը, ինչի մասին օրերս հայտարարեց նաև Հայաստանը: Այդ համատեքստում, Իրանն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահ՝ նվազեցնել այդ ռիսկերը, ձևավորել հնարավորինս կայուն և կառավարելի միջավայր: Հատկանշական է, որ Իրանի Հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձներում Հայաստանի վարչապետը ընդգծել էր, որ առաջիկա տարին կլինի հայ-իրանական հարաբերության խթանման տարի: Երևանն ու Թեհրանն անկասկած պետք է աշխուժացնեն ռեգիոնալ կայունությանն ուղղված համատեղ ջանքը, ձգտելով նաև այդ իմաստով ձևավորել նույն խնդրով շահագրգռված այլ դերակատարների հնարավորինս լայն «կոալիցիա»: Խոսքն իհարկե ոչ ֆորմալ «կոալիցիայի» մասին է, կամ գուցե առաջին փուլում ոչ ֆորմալ, հետագայում ըստ անհրաժեշտության գուցե մտածելով Կովկասի խաղաղության ընդգրկուն ձևաչափի ազդարարման մասին, եթե մինչ այդ իհարկե ավելի լուռ և առանց ավելորդ ֆորմալությունների առարկայական աշխատանքի միջոցով հաջողվի ապահովվել այդօրինակ հեռանկարի հաստատուն բազա: