Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ կուսակցությունն ու գաղափարակից մի քանի կուսակցություններ վերջին շրջանում ինտենսիվ հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպում քաղաքական դաշտում ավելի ակտիվ դերակատարում ունենալու և գործունեություն ծավալելու առումով: Մասնավորապես քննարկումներն ընթանում են ԱԺՄ-ից նախկինում բաժանված կուսակցությունների ղեկավարների` ԱԺԿ նախագահ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի և ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանի միջև:
Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում չհերքեց քննարկումների և հանդիպումների առկայության հանգամանքը, սակայն նշեց, որ այդ քննարկումները կապված են ոչ թե ընտրությունների հետ, այլ` նույն գաղափարախոսությունն ընդունող կուսակցությունների միասնական գործունեության կամ միացման հարցերի հետ. «Ընտրությունների մասին դեռևս խոսք չի գնում»:
Վազգեն Մանուկյանը հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին` նշելով, որ այս պահին այսքանը բավական է:
Ազգային ժողովրդավարների դաշինքի ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, ով ևս մասնակցում է այդ քննարկումներին, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց հանդիպումների և քննարկումների նպատակը քաղաքական դաշտում եղած բացը լրացնելն է. «Ազգային ժողովրդավարության հետ կապված գաղափարական հիմք ստեղծելու և այդ բացը լրացնելու նպատակ ունեն այդ քննարկումները, ինչպես նաև այդ գաղափարները երիտասարդության շրջանում տարածելու և սերնդափոխություն իրականացնելու»:
Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ քննարկումները, Սադոյանի վստահեցմամբ, կլինեն առաջիկայում սպասվելիք հավաքի ժամանակ. «Այդ հավաքի ժամանակ հնարավոր է որոշվի նաև, թե ինչ ֆորմատով և ինչպես ենք մենք մասնակցում ընտրությունների, կամ էլ չենք մասնակցելու»: Նրա խոսքերով, սակայն, իրենց հանդիպումների հիմնական նպատակը ընտրություններին մասնակցելը չէ: Սադոյանը մանրամասնեց, թե ինչ հավաքի մասին է խոսքը: Նրա տեղեկացմամբ` այդ հավաքի ժամանակ ԱԺՄ հետ առնչված կուսակցությունները, որոնք պահել են իրենց գաղափարական հենքը` Ազգային ժողովրդավարների միության, Ազգային ժողովրդավարական կուսակցության, Ազգային ժողովրդավարների դաշինքի և ՀԺԱՄ-ի ներկայացուցիչները կազմակերպելու են քննարկում առաջիկա քայլերը որոշակիացնելու վերաբերյալ: Սադոյանը նաև չբացառեց, որ իր նշած կուսակցությունների թիվը կարող է ընդլայնվել, քանզի, նրա խոսքերով, այժմ ընթանում են բանակցություններ ևս երկու կուսակցության հետ:
Նկատենք, որ համաձայն տարածված տեղեկությունների` նախկին ԱԺՄ-ականների միավորումը տեղի է ունենում մեկ այլ նախկին ԱԺՄ-ականի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ: Մասնավորապես խոսվում է այն մասին, որ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ստեղծել սեփական քաղաքական հենարանը և նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Արշակ Սադոյանը հերքեց այդ լուրերը` նշելով, որ իրենք Տիգրան Սարգսյանի հետ որևիցե խնդիր չունեն, նրա հետ հարաբերությունները նորմալ են, սակայն վերջինիս հետ հաճախակի հանդիպումների ընթացքում վերոնշյալ նախաձեռնությունը չի քննարկվում, այլ լրիվ այլ բնույթի հարցեր են քննարկվում. «Ես անձամբ, տարբեր հարցերից ելնելով, հաճախ հանդիպում եմ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն նրա կողմից ուղղակի միավորվելու առաջարկ չի եղել, իսկ թե այս հարցում ինքն ինչ դիրքորոշում կունենա` դա արդեն իր անձնական խնդիրն է: Տվյալ պարագայում խոսքը ազգային ժողովրդավարության սկզբունքով ղեկավարվող կուսակցությունների մասին է, ոչ թե Տիգրան Սարգսյանի կամ Բարսեղ Բեգլարյանի առաջարկների»:
Նշենք, որ այս գործընթացների հետ է կապվում նաև «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանի անունը, ով մտերիմ է ինչպես Տիգրան Սարգսյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի հետ:
Հարկ է նշել, որ խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, ավելին` նախընտրական շրջանի շեմին, ինտենսիվ հանդիպումներն ու քննարկումները, այդուամենայնիվ, հուշում են, որ նախկին ԱԺՄ-ականների հեռակա նպատակը ոչ այնքան ազգային ժողովրդավարության գաղափարները տարածելն է, որքան ընտրություններին մասնակցելը, և կարելի է ենթադրել, որ առաջիկա հավաքի ժամանակ այդ հարցը կլինի առանցքայինը:









































