Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հռչակած «զրո խնդիր՝ հարևանների հետ» քաղաքականությունը կեղծ կատեգորիա է, և Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանի, այլև Սիրիայի ու Իսրայելի հետ. «Թուրքիայի նման պետությունը, որը շարունակ խնդիրներ է հարուցում, չի կարող ունենալ զրո խնդիր տարածաշրջանում»:
Ըստ թուրքագետի` տարածաշրջանում Թուրքիայի գերակտիվությունը, ավելի շատ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի հնարավոր առաջընթացը մտահոգելու է Ռուսաստանին:
Ինչ վերաբերում է թուրք-իրանական հարաբերությունների հնարավոր սրացմանը, ապա Ռ. Մելքոնյանի կարծիքով, Իրանի դեմ հայտարարություններն ավելի զուսպ բնույթ կկրեն. «17-րդ դարից նրանց սահմանները անփոփոխ են, և կարծում եմ` Թուրքիային ձեռնտու չէ լարել հարաբերությունները Իրանի հետ»:
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների առկախման գործընթացից` թուրքագետն ասաց, որ այդ արձանագրությունները վաղուց գտնվում են փակուղում, որի հետևանքը կարող է լինել արձանագրությունների չեղյալ հայտարարումը։
«Առայժմ Թուրքիան աշխատում է միջազգային հասարակական համագործակցությունների զարգացման ուղղությամբ, ինչը նա կօգտագործի ի հակակշիռ քաղաքական հարաբերությունների»,- հավելեց թուրքագետը:









































