«Հետքը» գրում է, որ ՊԵԿ-ը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը. Մարգարա գյուղում համայնքից շենքեր է վերցրել։
Մասնավորապես, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել է Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)։ Թուրքիային սահմանակից «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում նշված շենք-շինություններն ու հողատարածքներն օգտագործվելու են մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար:
Արդյոք Թուրքիայում գիտե՞ն այս աշխատանքների մասին, արդյոք թուրքական կողմում ինչ որ բան արվո՞ւմ է։ Ստամբուլի «Ակոս» թերթի հայերեն բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնական մակարդակով որևէ տեղեկատվություն չկա, որ պատրաստվում են սահմանի բացմանը և որևէ քայլ այս ուղղությամբ հայտնի չէ։ Էստուկյանի խոսքով՝ հիմա Թուրքիայում ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է առաջիկայում սպասվող ընտրությունների վրա, իսկ Էրդողանի շանսերն այս ընտրություններին գրեթե զրո են․«Ընդհանուր հարցումներ են անում, որտեղ պարզ է դարձել, որ Էրդողանը կկորցնի իշխանությունը։ Ընդդիմադիրները թե նախագահ կլինեն և թե խորհրդարանի մեջ մեծամասնություն կկազմեն։ Ինչպես գիտեք, ընդդիմադիրները դաշինք են ձևավորել և այդկերպ են մասնակցելու ընտրություններիկա դաշինքը կլինի մեծամասնություն»,-ասաց նա։
Ընդդիմադիրների՝ իշխանության գալու դեպքում էլ, ըստ Էստուկյանի, հայ-թուրքական հարաբերություններում, որ որևէ լուրջ փոփոխություն լինի, կշարունակեն հավանաբար նույն քաղաքականությունը, դարձյալ եղբայր Ադրբեջանի կողքին կկանագնեն։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություններին ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում, Էստուկյանը նշեց, որ նույն քաղաքականությունն են շարունակելու․«Ամեն պարագայում այսօրվա կառավարությունը բոլոր հարևան երկրների հետ խնդիր ունի, իսկ ընդդիմադիրները եթե գան իշխանության, պետք է փորձեն կարգավորել հարաբերությունները, բայց Հայաստանի պարագայում նրանք նորից նայելու են Ադրբեջանին»,-ասաց նա:
Թուրքիայում ընտրությունների նախօրեին չեն բացառվում բախումներ։
«Այդ մտահոգությունը, որ ներքին բախումներ լինեն, կառավարությունը ներքին լարվածությունը կհրահրի, որ այդ քաոսային իրավիճակում իր համար օգուտ քաղի, կա․ անցյալում այս վարկածը կիրառվել է»,-հավելեց նա։








































