Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Բաքվից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկները և թևակոխում ենք այդ նախագծի քննարկման աշխատանքի չորորդ շրջափուլ: Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը մնում է խաղաղության օրակարգին հավատարիմ: Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները լսարանի մի զգալի մասի համար առաջացնում են տարընկալում: Ինչպե՞ս է Փաշինյանը հայտարարում էսկալացիայի բարձր ռիսկի մասին, զուգահեռ խոսում խաղաղության օրակարգին հավատարիմ լինելու և Ադրբեջանի հետ քննարկումները շարունակելու մասին: Գործնականում, տարակուսելի են այդ «տարընկալումները» կամ դրանց մատուցումը:
Ընդ որում, արդեն տևական ժամանակ է, որ ծավալվում է խոսակցություն «խաղաղության դարաշրջանի» օրակարգի կամ մոտեցման տապալման մասին, որի «հիմնավորումն» այն է, որ խաղաղություն չկա, խաղաղության պայմանագիր չկա, և նույնիսկ կա էսկալացիայի բարձր ռիսկ, հետևաբար խաղաղության օրակարգը տապալված է: Խաղաղության օրակարգը տապալված է աշխարհում ընդհանրապես, բայց դա տապալող ուժային կենտրոնները շարունակում են խոսել խաղաղության մասին և հայտարարել, որ իրենց նպատակը խաղաղությունն է: ՌԴ արտգործնախարար Լավրովը այդօրինակ հայտարարության համար նույնիսկ դահլիճի ծիծաղի արժանացավ Հնդկաստանում, երբ հայտարարեց, թե Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, որպեսզի ավարտի իր դեմ նախաձեռնած պատերազմը: Այս հայտարարությունն իհարկե ունի շատ ավելի բազմաշերտ չափման և վերլուծության կարիք, բայց տվյալ պարագայում հարցը դա չէ, այլ այն որոշակի մանիպուլյատիվ ֆոնը կամ թյուրիմացությունը, որ առկա է Հայաստանում՝ խաղաղության օրակարգի կամ խաղաղության դարաշրջանի հետ կապված:
Ի վերջո, պաշտոնական Երևանի դիվանագիտությունն ու նաև ներքին կառավարման արդյունավետությունը կարող են և անհրաժեշտաբար պետք է լինեն հասարակության, այդ թվում քաղաքական ընդիմախոսների աչալուրջ և խիստ հայացքի ու քննադատության, քննության ներքո: Սա հարց է, որ անգամ քննարկման ենթակա չէ: Բայց, այդ քննադատությունն ու քննությունը պետք է կառուցվի տռացիոնալ բովանդակությամբ ևւ փաստարկներով, այլ ոչ թե «խաղաղության օրակարգի» տապալման վերաբերյալ հռչակագրային արձանագրումներով, որոնք գործնականում կապ չոունեն իրականության հետ: Եվ կապ չունեն ոչ այն պատճառով, որ խաղաղության օրակարգը կամ դարաշրջանը հաստատված է, և կամ շռնդալից գնում է առաջ: Կապ չունեն, որովհետև այդ օրակարգի մասին Հայաստանի դիրքորոշումները և դիրքավորումները առկա իրողություններից բխող մարտավարական անհրաժեշտություն են: Եթե դրա հռչակմանը զուգահեռ, Հայաստանը լռության մատներ Ադրբեջանի նկրտումներն ու նպատակները՝ Արցախի հայաթափում, էթնիկ զտում, Հայաստանի հանդեպ հավակնություններ, ապա այդ դեպքում հնարավոր կլիներ արտահայտել տարակույսը «խաղաղության օրակարգի» դիրքավորման առնչությամբ:
Բայց, Երևանը տալիս է Ադրբեջանի քաղաքականության գնահատական, միաժամանակ արձանագրելով, որ Հայաստանի քաղաքականությունն անփոփոխ է և այդ քաղաքականության առաջնահերթությունը ռեգիոնալ խաղաղությունն է: Դրանով անկասկած փորձ է արվում ստեղծել Հայաստանի քաղաքականության ֆոն, որի վրա Ադրբեջանի ագրեսիան և կեղծ խաղաղասիրությունը կդառնա առավել ակնառու կամ աչք ծակող: Կրկնեմ, այլ հարց է, եթե այդ հռետորաբանությանը զուգահեռ, Հայաստանը ոչ միայն չտա Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների հստակ գնահատական, այլ նաև չանի քայլեր Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու, Հայաստանի օրգանական դիմադրունակությունը ամրացնելու և այլ կեպ ասած՝ երկիրը որևէ պատերազմի առավելագույնս պատրաստ դարձնելու ուղղությամբ: Այդ հարցերը պետք է լինեն սուր և աչալուրջ ուշադրության ու քաղաքական, հասարակական անընդհատ, չդադարող քննության ներքո: Բայց, առավելագույնս առարկայորեն, առանց Երևանի խաղաղության հռետորաբանության հանգամանքը հանիրավի թիրախավորելու և այդ կերպ նաև հանրային ավելորդ էմոցիաներ գեներացնելու: Եթե իհարկե այդ ամենի նպատակը հենց էմոցիա գեներացնելը չէ՝ մտքի փոխարեն: Որովհետև, ի վերջո միտք գեներացնելը պատասխանատվության տակ է դնում, պատասխանատվություն է սահմանում ոչ միայն իշխանության համար, այլ նաև այդ միտքը գեներացնողների, նաև քաղաքական ընդդիմության: Այդ իսկ պատճառով քաղաքականապես առավել «ապահով» է դիտվում հնարավորինս էմոցիոնալ, վերացական, հռչակագրային ֆոն և մթնոլորտ ստեղծող ընդդիմախոսությունը: Միշտ է եղել այդպես, ներառյալ 2018-ից առաջ: Այդ «մշտականի» հետևանք է նաև այսօրը:










































