«Առաջին լրատվականի» տեղեկություններով, նոր ապօրինություններ են ի հայտ եկել Ճանապարհային ոստիկանության համակարգում: Պարզվում է՝ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի տեղակալի՝ Լևոն Շիրմազանյանի հանձնարարականով հատուկ անձինք գաղտնի լուսանկարել են ճանապարհային ոստիկաններին, երբ վերջիններս կաշառք են վերցրել վարորդներից:
Այնուհետև այդ ոստիկաններին Շիրմազանյանը հրավիրել է իր մոտ, ցույց տվել լուսանկարները և տեղեկացրել՝ իբր ոստիկանության 6-րդ վարչությունն է բացահայտել, ապա իբր գործը փակելու համար նրանցից որոշակի գումար է պահանջել:
Օրերս համապատասխան գերատեսչության մասնագետները Լևոն Շիրմազանյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գտել են կաշառք վերցնելու պահին արված ճանապարհային ոստիկանների լուսանկարները, ինչից հետո արդեն մի քանի օր է, ինչ նա աշխատանքի չի ներկայանում:







































