Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է սեպտեմբերի 12-13-ը իրականացնել մերձավորարևելյան շրջագայություն։ Դրա շրջանակներում նախատեսվում է այցելել նաև Գազայի հատված։
Սակայն դա տեղի կունենա Թուրքիայի ու Եգիպտոսի պաշտոնատար անձանց հանդիպումից հետո, քանի որ ամենայն հավանականությամբ Էրդողանը Գազա է մտնելու եգիպտական «Ռաֆահ» անցակետով։ Բանակցությունների դրական արդյունքի դեպքում Էրդողանը կդառնա տվյալ ճանապարհով Գազա ներթափանցած առաջին պետական այրը։
Եթե Եգիպտոսը մերժի Էրդողանին, ապա վերջինս նոր ուղիներ է որոենելու՝ Գազա ներթափանցելու համար։ Գազայի այցից հետո Էրդողանը մտադիր է այցելել Լիբիա։ Նրան Լիբիա է հրավիրել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախագահ Մահմուդ Ջիբրիլը։
Մերձավորարևելյան շրջագայությունից հետո Էրդողանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին։ Թուրքական կառավարության աղբյուրները հայտնում են, որ Նյու Յորքում Էրդողանը ՄԱԿ-ին ներկայացնելու է Գազայի շրջափակման ապօրինությունն ապացուցող փաստերով լի մի փաստաթուղթ։
Հիշեցնենք, որ Էրդողանը Եգիպտոսում կնքելու է ռազմական դաշինք, որն ուղղվելու է Իսրայելի դեմ։







































