
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր: Մեծ հավանականությամբ, նիստի օրակարգային առանցքում հայ-ադրբեջանական հակամարտության ընթացիկ զարգացումներն են, որոնց շուրջ ձևավորվել է բավականին ինտենսիվ թե պաշտոնական հանդիպումների ու քննարկոումների, թե տեղեկատվա-քարոզչական գործընթաց: Նկատելիորեն աշխույժ են թե արևմտյան միջնորդները, թե Ռուսաստանը: Այդ ֆոնին տեղի ունեցավ բանակցվող փաստաթղթի «արտահոսք», որին ի պատասխան պաշտոնական Երևանը հայտարարեց, որ չկա քննարկվող այդպիսի փաստաթուղթ:
Այդուհանդերձ, անկասկած է, որ կա բավականին «խաչաձև» աշխուժություն: Երևանում է օրինակ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը, որի այցի նպատակը թերևս առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելն է: Համենայն դեպս, պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը օրերս հայտարարել էր, որ առաջիկա օրերին սպասում են այդպիսի հանդիպում: Իսկ դա իր հերթին հարց է առաջացնում, թե արդյո՞ք Երևանը կհրաժարվի քառակողմ հայտնի ձևաչափի պնդումից, որ արել էր դեկտեմբերի 7-ին սպասվող հանդիպման առնչությամբ:Եթե Երևանը գնա եռակողմ հանդիպման, դա կնշանակի, որ ստացել է քառակողմի պահանջը չպնդելու դիմաց որևէ քաղաքական բավարարու՞մ, թե՞ պարզապես գնում է այդ քայլին այսպես ասած կայունության ու խաղաղության դիմաց:
Մյուս կողմից, արդյո՞ք այստեղ էական դեր է կատարում Հաագայի դատարանի որոշումը: Այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի Արցախում Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը: Զուգահեռ, Մոսկվան է հայտարարում, որ Երևանն ու Բաքուն պետք է վերադառնան եռակողմ բովանդակությամբ քննարկումներին:
Իրադարձությունների շարքն ու շղթան իսկապես առատ է: Միաժամանակ, անկանխատեսելի համաշխարհային միջավայրում, որտեղ լարումը նկատելիորեն բարձրանում է նոր աստիճանի, «խաչաձև ինտենսիվությունը» առավել հավանական է դարձնում ոչ այնքան որևէ խաղաղ համաձայնություն ու պայմանագիր՝ նույնիսկ անկախ դրա բովանդակությունից, որքան նոր փակուղի, ինչն արդեն կարող է դառնալ անվտանգային ռիսկերի գեներատոր:
Հայաստանն այս պայմաններում պետք է գերլարի ջանքն ու ռեսուրսը ճկուն լինելու համար, մի կողմից ժամանակ ու տարածություն շահելու նկատառումով, մյուս կողմից դա չանելով այնպիսի քաղաքական համաձայնությունների միջոցով՝ գրավոր, թե բանավոր, որոնք միջնաժամկետ հեռանկարում կարող են ունենալ հակառակ էֆեկտ և էլ ավելի բարակեցնել լարը, որի վրայով քայլում է Հայաստանը: