2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Արցախ տեղափոխվելու մասին։ Երկու ամիս անց՝ նոյեմբերի 4-ին նա նշանակվեց Արցախի պետնախարար։ Պետնախարար նշանակվելուց հետո շատ չանցած Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, որը շարունակվում է մինչև այժմ։ 2023 թվականի հունվարի սկզբին տեղի են ունեցել ներքաղաքական բուռն իրադարձություններ, որոնք կապվում են Վարդանյանի անվան հետ։
ԱՀ նախագահի կողմից Ռ.Վարդանյանին պետնախարարի պաշտոն առաջարկելը մի քանի պատճառ ուներ: Դրանցից առաջինը հայտնի միլիարդատիրոջ կապերն էին ֆինանսական աշխարհում: 2022 թվականի ԱՀ պետական բյուջեն ընդունվել էր աննախադեպ մեծ դեֆիցիտով` ավելի քան 31 մլրդ դրամ, ընդ որում անհայտ էին դեֆիցիտի լրացման աղբյուրները։ Պատերազմից առաջ դեֆիցիտը լրացվում էր առևտրային բանկերից վարկ վերցնելու միջոցով։ Բայց քանի որ պատերազմից հետո դա այլևս անհնար էր, դեֆիցիտի լրացման աղբյուրներ գտնելը դարձել էր 2022թ. ֆինանսական տարին ավարտելու գլխավոր խնդիրը։ Դեֆիցիտից բացի ևս 20 մլրդ դրամ պարտք էր կուտակվել տարբեր սոցիալական ծրագրերի պատճառով։ Այսպիսով՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու խնդիր կար, և հույս կար, որ Ռ.Վարդանյանի կապերը կարող էին օգնել ֆինանսական տարբեր կառույցներից և հայ մեծահարուստներից փոխառու միջոցներ ներգրավել։ Արցախի իշխանությունները հույս ունեին, որ նա կարող է համոզել ՀՀ բանկերին կամ արտասահմանյան ներդրողներին պարտքով գումար տալ Արցախին՝ դեֆիցիտը փակելու համար։
Հաջորդ պատճառն այն էր, որ պետնախարար Արտակ Բեգլարյանը չէր կարողանում ապահովել նորմալ փոխգործակցություն կառավարության անդամների միջև, առավել ևս, որ նախագահի կողմից նրան տրված էր ընդամենը 4 նախարարության համակարգում։ Առավել ազդեցիկ ու հեղինակավոր պետնախարար էր պետք, որը կկարողանար ապահովել թիմային աշխատանք:
Հաջորդ պատճառը, կարծում ենք, հանրությանը նոր լիցքեր տալն էր: Հայտնի միլիարդատերի Արցախ տեղափոխվելը և պետնախարարի պաշտոնին նշանակումը նոր հույսեր առաջացրեց հասարակության մեջ, որը բավականին մեծ հիասթափություն էր ապրել Աղավնոյի ու Բերձորի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։ Հանրության մոտ, ինչպես նաև, պետական համակարգում հույսեր կային, որ կիրականացվեն որոշակի բարեփոխումներ, պետական համակարգը կարդյունավետացվի, նոր որակներ կմտցվեն կառավարման բնագավառում։
Ռ.Վարդանյանի Արցախ տեղափոխվելը և հնարավոր պաշտոնում նշանակվելը թշնամաբար ընդունվեց Ադրբեջանի կողմից: Հրապարակային մի շարք հայտարարություններ եղան ընդդեմ Ռ.Վարդանյանի, որոնք Արցախում էլ ավելի բարձրացրեցրին ռուսահայ միլիարդատիրոջ հեղինակությունը: Պետնախարար նշանակվելուց հետո այդ գործին լծվեցին անձմաբ Իլհամ Ալիևն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ռ.Վարդանյանի նշանակումը զուգորդվեց նաև պետնախարարին բավականին մեծ լիազորություններ տալով, նրա համակարգման տակ հայտնվեցին ուժայիններից բացի բոլոր նախարարությունները ու այլ գերատեսչություններ: Նոյեմբերի 22-ին Արցախի 9 նախարարներ ազատվեցին պաշտոններից և մեկ ամսից ավելի նոր նշանակումներ չեղան: Մինչև այսօր էլ առանցքային համարվող ֆինանսների ու կրթության նախարարությունները ղեկավարվում են ժամանակավոր պաշտոնակատարների կողմից: Այս տարօրինակ մոտեցումը կառավարության գործունեությանը, ինչպես կպարզվի հետո, հատուկ էր արվում:
Ռ․Վարդանյանի համար իրական փորձություն դարձավ Ադրբեջանի կողմից ստեղծված շրջափակումը։ Արցախից ՀՀ գնացող ճանապարհի փակումը Շուշիի մոտ, գազատարի փակումը և բարձրավոլտ էլեկտրագծի վնասումը գոյաբանական խնդիրներ ստեղծեցին Արցախի համար։ Պետնախարարն ամեն օր ֆեյսբուքյան ուղիղ միացումով արցախցիներին տեղեկացնում էր իրավիճակի մասին` լայվերի ընթացքում հաճախ չճշտված, ինչպես նաև Արցախի անվտանգությանը վնասող հայտարարություններ անելով:Հարցերի պրագմատիկ լուծում գտնելու փոխարեն Վարդանյանը ընտրեց քարոզչական տարբերակը՝ ներգրավելով միջազգային մեդիային, ինչը ավելի գրգռեց Ադրբեջանին։ Ավելին, հունվարի սկզբին, աշխատանքից ազատվեց ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որին հետպատերազմյան շրջանում հաջողվում էր թշնամու հետ բանակցել և կենսական հարցեր լուծել։ Օրինակ հետպատերազմյան շրջանում մի քանի տասնյակ անգամ վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող բարձրավոլտ գիծը, սակայն դրա վերականգնումը տեղի է ունեցել շատ կարճ ժամանակահատվածում և դրա հետևանքները արցախցիները նույնիսկ չեն հասցրել զգալ։ Բալասանյանի աշխատանքից ազատումը կապված է ԱԽ նիստերի ժամանակ իր և Ռ.Վարդանյանի թափ հավաքող վեճերով:
2023թ. հունվարի 14-ից լուրեր տարածվեցին, որ Ռ.Վարդանյանը կարող է ազատվել պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Միաժամանակ, լուրեր էին տարածվում, որ հրաժարական կտա նաև նախագահ Արայիկ Հարությունյանը` ցրելով Ազգային ժողովը: Ակնհայտ էր, որ որոշակի ակտիվ քննարկումներ են գնում իշխանության ներսում: Այս ֆոնին Ռ.Վարդանյանը հայտարարություն տարածեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես նաև անթույլատրելի համարեց նախագահի հրաժարականն ու ԱԺ ցրումը: Թեև հրապարակայնության բացակայությանը, պարզ էր, որ նախագահի վստահությունը պետնախարարի նկատմամբ սպառվել է: Թե կոնկրետ որ էպիզոդն է լցրել համբերության բաժակը, դժվար է ասել, սակայն տարբեր լրատվամիջոցներով երկու թիմերի ստեղծած հոդվածները վկայում են, որ Ա. Հարությունյանի և Ռ.Վարդանյանի համատեղ աշխատելուն քիչ է մնացել: Մենք փորձեցինք զրուցել պետական համակարգի ու քաղաքական դաշտի տարբեր պաշտոնյաների ու գործիչների հետ և առանձնացրեցինք այն պատճառները, որոնք, հնարավոր է ընկած էին Ռ.Վարդանյանի նկատմամբ Ա.Հարությունյանի անվստահության հիմքում:
Տեղեկատվության ֆիլտրում
Իր ֆեյսբուքյան եթերների ժամանակ պարզ դարձավ, որ պետնախարարը տեղեկատվության ֆիլտրման խնդիր ունի: Նա հաճախ խոսում էր երևույթների մասին և տալիս էր անուններ, որոնք տարակուսանք էին առաջացնում լայն զանգվածների մեջ: Դրա պատճառը գուցե նա էր, որ այդ տեղեկությունները պետնախարարին հասնում էին ոչ թե ինստիտուցիոնալ եղանակով` տարբեր գերատեսչությունների կամ ծառայությունների միջոցով, այլ օրինակ իր նորանշանակ խորհրդականների միջոցով: Բազմաթիվ հարցեր են առաջացնում նաև նրա ֆեյսբուքյան այն եթերները, որոնց ընթացքում հրապարակում է, ըստ էության, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկություններ։ Նույնիսկ տեղեկատվական անվտանգության մասին տարրական պատկերացումներ ունեցող քաղաքացիների համար սա անթույլատրելի գործելակերպ էր:
Շրջապատի խնդիրը
Ռուբեն Վարդանյանը ազգային առաջնորդներ է համարում նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին: Իր նորանշանակ խորհրդականներից է Արցախում ամենամեծ ներդրումներ կատարող և պետական խոշոր պատվերներ ունեցող գործարար Արման Հակոբջանյանը: Շատերը կառավարության իրական ղեկավար են համարում հենց Հակոբջանյանին, իսկ Բակո Սահակյանին համարում են իշխանության վրա մեծ ազդեցություն ունեցող գործիչ` պայմանավորված նրա և պետնախարարի ջերմ հարաբերություններով:
Պետական կառավարման համակարգի դերի նսեմացումը
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակումից հետո, 2022թ. դեկտեմբրի 13-ին հայտարարվեց Արցախում Օպերատիվ շտաբի ձևավորման մասին, որը ղեկավարելու էր պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Օպերատիվ շտաբի մեջ մտան պետնախարարի խորհրդականներից շատերը, պետական հիմնադրամների և որոշ գերատեսչությունների ներկայացուցիչներ, բայց, զարմանալիորեն բացակայում էին կառավարության անդամները: Օպերատիվ շտաբի ձևավորումից հետո, նախարարությունների ու նախարարների հետ աշխատում են բացառապես պետնախարարի խորհրդականները։ Վարդանյանի հետ նախարարները մեծամասամբ չեն աշխատում կամ նույնիսկ չեն առնչվում։ Սա վտանգավոր է այն առումով, որ վերանում է նախարարությունների նախաձեռնողականությունը, նվազում է նրանց պատասխանատվության զգացումը։ Երկրում որոշումներ են կայացնում ու քաղաքականություն վարում հասարակական հիմունքներով աշխատող խորհրդականները։
Դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ Արցախի ամենալուրջ մարտահրավերներից մեկը կարող է լինել ինստիտուտների ապամոնտաժումը։ Պարզ չէ, թե որտեղից էր նախկին նախագահի մտավախությունը, սակայն մեծ հաշվով կառավարության դերն անտեսելը, այն փոխարինելը Օպերատիվ շտաբով կարող է դրա սկիզբը լինել։ Նման աշխատելաոճը Վարդանյանից դժգոհություններ է գեներացնում պետական կառավարման համակարգում:
Պոպուլիզմը
Ռուբեն Վարդանյանը ժողովրդին անընդհատ կոչ է անում միասնական լինել։ Մինչդեռ միասնականության մասին իր պատկերացումները բավական սուբյեկտիվ են։ Օպերատիվ շտաբի խորհրդակցություններից մեկի ժամանակ, միասնականության հերթական կոչից հետո նա ասել էր, որ աշխատելու է բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են իր սկզբունքներին։ Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ նա չի աշխատելու այն մարդկանց հետ, ովքեր իր սկզբունքների հետ համաձայն չեն կամ նույնիսկ դեմ են, և այսպե՞ս է արդյոք նա պատկերացնում միասնականությունը։ Ռուբեն Վարդանյանը սիրում է հավաքները, ժողովրդի հետ հանդիպումները, որտեղ նա խոսում է միասնականության և պայքարելու մասին, լսում իր` Արցախ տեղափոխվելու վերաբերյալ ողջույնի խոսքեր: Պետնախարարի կենացներ հիշեցնող ելույթները, եթե սկզբում մեծ ոգևորություն էին առաջացնում, ապա արդեն լսվում են Ռ.Վարդանյանի հասցեին առաջին քննադատությունները: Պետք է նկատել, որ ֆեյսբուքում մեծ ժողովրդականություն վայելող պետնախարարին քննադատելը այնքան էլ շնորհակալ գործ չէ:
Ամփոփելով պատճառների թվարկումը` կարծում ենք, որ Ռուբեն Վարդանյանի և պետական համակարգի միջև կոնֆլիկտն արտահայտվել է, երբ պետնախարարը ուղիղ եթերների ընթացքում սկսել է հայտնել հանրայնացմանը ոչ ենթակա տեղեկություններ, ինչն էլ բերել է նրան աշխատանքից ազատելու պահանջ: Ադրբեջանի` Ռուբեն Վարդանյանի դեմ ուղղված հայտարարություններն էլ ԱՀ պետնախարարը դարձրել է իր վահանը, հունվարի 14-ի գրառման մեջ ակնարկելով, որ իր հրաժարականը պահանջողները սպասարկում են թշնամու օրակարգը: Պետք է նկատել, որ պարզապես Ադրբեջանի արձագանքը ներկա պայմաններում Վարդանյանի համար դարձել է փրկօղակ։ Ադրբեջանի արձագանքի պայմաններում է, որ ինքը նշանակվել է պետնախարար և Ադրբեջանի դիրքորոշումը որևէ ազդեցություն չի ունեցել նրա նշանակման վրա: Եվ Ռ.Վարդանյանի աշխատանքից հեռացման պահանջներն էլ կապված են ոչ թե Ադրբեջանի արձագանքների, այլ վերջինիս ձախողումների հետ: Հետևաբար պետնախարարի կողմից թշնամու գործոնն Արցախի ներքաղաքական կյանքում օգտագործելը վտանգավոր երևույթ է:
Ամփոփելով հոդվածը, կարելի է եզրակացնել, որ Ռուբեն Վարդանյանը մոտ ապագայում դադարելու է զբաղեցնել ԱՀ պետական նախարարի պաշտոնը: Ինչպես դա տեղի կունենա` աշխատանքից ազատման դիմումի հիման վրա, թե առանց դիմումի` բարդ հարց է, քանզի միլիարդատեր պաշտոնյան սեփական կերպարը պահպանելու խնդիր ևս ունի:









































