Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ եգիպտական Al-Youm al-Sabea թերթը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ մոտ ապագայում ակնկալվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կահիրե։ Եգիպտական այցի ժամանակ Էրդողանին ուղեկցելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Եգիպտոսում Էրդողանը բանակցություններ է վարելու եգիպտական ռազմական խունտայի ֆելդմարշալ Հուսեին Տանատուի և Եգիպտոսի վարչապետ Էսսամ Շարաֆի հետ։ Եգիպտական այցի և այդ բանակցությունների նպատակը «ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» կնքումն է։
Էրդողանի եգիպտական այցի կոնկրետ ժամկետը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Էրդողանը նաև արտգործնախարարությանը հրահանգել է պատրաստել իր պաշտոնական այցը Գազայի հատված, որին շրջափակման մեջ է պահում իսրայելական կողմը:






































