
Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային իրավիճակին առնչվող հարցեր։
«Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է, և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք», – հանդիպման բաց հատվածում ասել է Վահագն Խաչատուրյանը:
Եգիպտոսի նախագահն, իր հերթին, նշել է, որ Արաբական Հանրապետությունը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար.«Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտնեի։
Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք», – շեշտել է նա:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը նկատում է, որ Թուրքիայի ու Եգիպտոսի բարդ ու լարված հարաբերությունների ֆոնին, միանգամայն ձեռնտու կլիներ, որ Եգիպտոսը հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի կարգավիճակ ստանձներ։ Ըստ Չաքրյանի՝ թուրք-եգիպտական հարաբերությունները փչացել են Էրդողանի շնորհիվ, իսկ հետագայում դրանք կարգավորելու ջանքերն ապարդյուն են անցել.«Անցած տարվա վերջերին Էրդողանը գնաց ԱՄԷ, Սիրիա,փորձեր կատարեց տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունները կարգավորել։ Իսրայելի հետ կարծես կարգավորվում են հարաբերությունները, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ը՝ չափավոր, իսկ ահա Եգիպտոսի հետ չստացվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ ի թիվս այլ պահանջների, անձնական ներողություն խնդրել Եգիպտոսի նախագահից, ինչն Էրդողանը չի կատարել և առ այսօր դեսպանատուն անգամ չկա.«Այսինքն՝ Եգիտոսի չեզոք միջնորդությունը շատ ավելի նպատակահարմար է, քան տարածաշրջանային որևէ այլ միջնորդությունը, բնականաբար այստեղ Թուրքիային նկատի չունեմ»։
Չաքրյանն ընդգծեց՝ Եգիպտոսը Հարավային Կովկասում շահեր չի հետապնդում, ոչ էլ հատուկ ծրագրեր ունի հարավկովկասյան հանրապետություններից որևէ մեկի հետ.«Ոչ էլ այստեղ ռազմաբազա տեղակայելու կամ ռազմական ներկայություն ապահովելու պլաններ կան, հետևաբար մենք կարող ենք այս ամենին ընդառաջ քայլեր անել։ Հավանաբար այս ամենը գիտեն նաև մեր արտգործնախարարությունում և համապատասխան քայլեր կանեն»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարշիքով՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ռուսական միջնորդից դուրս բերելը ձեռնտու է, այդ թվում՝ Եգիպտոսի միջնորդության շնորհիվ.«Բայց պետք է նաև նշել, որ միջնորդություններով հարցեր չեն լուծվում, բանալին երկրի ուժեղանալն է։ Եթե Հայաստանն իր բանակի հզորությունը չվերականգնի, մնացածը դատարակ բաներ են։ Նման միջնորդությունները պետք է օգտագործել բանակային ու տնտեսական հզորության համար։ Միջնորդությունը ոչ թե նպատակ, այլ միջոց պետք է դարձնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ Եգիպտոսն այս կամ այն կերպ բարեկամ երկիր է, վստահաբար նաև չեզոքություն կպահի.«Մեզ համար ամենավտանգավորը Ռուսաստանի միջնորդությունն է, քանի դա կա՝ ոչ մեկ մոտիկ չի գալիս, հայերի համար ռուսական միջնորդությունը ժանտախտ է»,-եզրափակեց նա։