«Բոլորս գիտենք Արմենիա անունով մեկ քաղաք Կոլումբիայի տարածքում, սակայն Բուենոս Այրեսից Վարդան Մատթեոսյանը, որի ատենախոսության թեման «Հայերի ներկայությունն էր Լատինական Ամերիկայում», ինձ տեղեկացրեց, որ կան Արարատ և Արմենիա անվանումներով 43 քաղաքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Արտակ Մովսիսյանը: Նա ասաց, որ կան քաղաքներ, որոնք 18-19-րդ դարում անվանվել են Արմենիա, այնուհետև վերացել կամ վերանվանվել են:
Հայկական անվանումները լուռ վկայությունն ու ապացույցն են հայերի ներկայության տարբեր երկրներում ու գաղթօջախներում: Հայրենիքից դուրս գտնվող հայերը ժամանակի ընթացքում ստեղծեցին նյութական և հոգևոր մշակույթի արժեքներ, որոնցից շատերը մնում են որպես հիշատակ, որպես տարեգիր կամ ուղեցույց։
Արմենիա անունով շատ տեղանուններ կան աշխարհի տարբեր երկրներում։ Անվանակոչությունը կապված է հայկական գաղութների ստեղծման պատմության հետ: 19-րդ դարում հիմնված Կոլումբիայի Արմենիա քաղաքը գտնվում է Կենտրոնական Անդերի լանջերին՝ ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։ Այն հիմնվել է մի խումբ հայ գաղթականների կողմից։ Ներկայումս քաղաքն արդյունաբերական խոշոր կենտրոն է, ունի 70 հազար բնակչություն: Բացի այդ` «Արմենիա» է կոչվում նաև Կոլումբիայում մեծ քանակությամբ մշակվող սուրճերի տեսակներից մեկը։
Արմենիա անունով ոչ մեծ բնակավայրեր կան Կենտրոնական Ամերիկայում` Հոնդուրասում և Սալվադորում, յուրաքանչյուրը՝ 3-6 հազար բնակչությամբ։
Արմենիա քաղաք կա Հյուսիսային Ամերիկայի Վիսկոնսին նահանգում: Արմեներշտատ և Արմենալ քաղաքներ կան Ռումինիայում։ 13-րդ դարում Ղրիմի հայերն այդտեղ հիմնեցին մի փոքրիկ Հայաստան` հիմնադրվեց Արմյանսկ քաղաքը, կառուցվեցին բերդեր, մատուռներ։ Քաղաքը կյանք առավ Արմյանսկի բազար անվամբ։
Արարատ անվանումներով քաղաք ու լեռ կա անգամ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում: Հայոց ծոց է կոչվում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան՝ Կիլիկիային հարող հատվածը: Արմենոխորի անունով հայկական գյուղ կա Կիպրոս կղզում։ Հայկական անուններով շատ գյուղեր կան Բուլղարիայում ` էրմենկովո, Էրմենսկոյ, էրմենլուի, Արմենիտե, էրմենիկոյ։
էրմենիստան է կոչվում Իրանի Թավրիզ քաղաքի հայաբնակ թաղամասերից մեկը։ Հայկական անուններով քաղաքներ կան Հնդկաստանում, Ճավա կղզում։ Արմենիես սթրիթ անունն է կրում նաև։ Հայկական անուններով թաղամասեր կան նաև Արգենտինայի Կորդովա և Ալտա Գրասիա քաղաքներում։
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը ևս Արմենիա անունն է կրում։
Արմյանսկայա անունով կոչվող փողոցներ կան նաև Սարատովում, Մոսկվայում, Թբիլիսիում և աշխարհի տարբեր քաղաքներում։
Լուսանկարում պատկերված գետի անունն է Nueva Armenia կամ Նոր Հայաստան:










































