
Օրերս Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին և համայնքի ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին հինգ օրով կալանավորել են այն բանի համար, որ Եկատերինբուրգի հայկական եկեղեցու բակում հայկական համայնքի ներկայացուցիչները ակցիա են արել՝ աջակցություն հայտնելու շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։
Մեկ օր անց համայնքի ղեկավարը և ակտիվիստն ազատ են արձակվել։ Եկատերինբուրգի հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը «Առաջին լրատվական»-ին ներկայացրեց տեղի ունեցածի մանրամասները։
Այս պահին համայնքում զբաղված են Արցախի համար հումանիտար օգնություն հավաքելով։ Նազարյանը նշեց, որ համայնքը գոյություն ունի արդեն 33 տարի, իսկ համայնքի երիտասարդական կազմակերպությունը՝ 22 տարի։ Եկատերինբուրգում 20000 հայ է ապրում, իսկ ադրբեջանցիները չորս անգամ շատ են։
«Որոշել էինք, որ ցույց տանք Արցախին մեր աջակցությունը։ Մենք գիտեինք, որ եթե դիմենք քաղաքապետարան և խնդրենք, որ տեղ ու ժամանակ տան ակցիա անելու համար, չէին արտոնելու։ Ուստի համայնքի ակտիվը որոշեց եկեղեցու բակում բողոքի ձայն բարձրացնել։ Մենք ամսի 22-ին ակցիա արեցինք, որից հետո ադրբեջանցիները բողոքել են ոստիկանություն։ Ի դեպ,ադրբեջանցիները ոստիկանություններում շատ են աշխատում»,-ասաց համայնքի ղեկավարը։
«Որոշում էին մեզ պատժել։ Նախ՝ երեխաներին հրավիրեցին ոստիկանություն, վերևից հրաման է գալիս, որ պարտադիր խիստ ձևով պատժեն, նստեցնեն։ Ինձ ու համայնքի լավագույն ակտիվիստներից մեկին՝ Էլեն Կիրակոսյանին, հինգ օր պահելու որոշում կայացրին։ Մեր համայնքը, սակայն, սկսեց աշխատել հենց առաջին օրը, դիմեցին կառավարությանը, ոստիկանությանը։ Ես նստած էի, ինձ մոտ եկավ ՄԻՊ-ը, որը եկել էր մարզպետի կողմից, ներողություն խնդրեցին, այստեղ էր ազգային խորհրդի նախագահը։ Քաղաքային դատարանը մեզ նստեցնելու որոշում կայացրեց, իսկ մարզի դատարանն էլ որոշեց, որ պետք է ազատ արձակել»,-ասաց նա՝ հավելելով, որ համայնքը ապրում է ակտիվ կյանքով, գործում է կիրակնօրյա դպրոց․ «Մեր ուշ ու միտքը հայրենիքն է։ Մենք 44-օրյա պատերազմի պարտությունը շատ ծանր ենք տարել։ Իսկ հիմա էլ Լաչինի փակ լինելը, դրա համար էլ որոշել ենք հումանիտար օգնություն հավաքել և խաղաղապահների օգնությամբ հասցնել Արցախ»,-հավելեց Մասիս Նազարյանը։