
Նախօրեին լրատվամիջոցներից մեկը տարածեց տեսանյութ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող։ Սամհռկեցուցիչ կադրերից հետո սոցիալական ցանցերում արդարացի դժգոհություն է հասունացել։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը պարզաբանում է, որ ՀՌՀ համապատասխան բաժիններին երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարականներ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը: «Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել, հրդեհի կադրերը ուղեկցվել են լրագրողի տեքստով հրդեհի մասին: Ձայները հնչել են YouTube-ում, և կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, և ում ձայներն են հչում:
Նախնական եզրակացությունս, կրկնեմ՛ նախնական, հետևալն է:
1.Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ոբղերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում:
2.Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք:
Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաև կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից:
Բայց մի կարևոր հանգամանքի մասին էլ գրեմ: Եթե հասարակ քաղաքացու ցասումը, հուզմունքները հասկանալի են և ընդունելի, ապա լրագրողական հանրության ներկայացուցիչների արձագանքը (առանց փաստերը ստուգելու, խնդրի իրավական կողմը հասկանալու) տարօրինակ են և մտահոգիչ: Լրագրողը պետք է փաստերով խոսի, այլ ոչ թե ամբոխահաճո կոչեր հնչեցնի՛ եթերազրկել, պատժել, գնդակահարել..: Այդ ամենը ստեղծում է իմաստազուրկ «տեղեկատվական հեղեղներ», որոնց բացասական ազդեցության մասին ավելորդ է խոսել: և իմ այս խորհուրդը վերաբերվում է հատկապես ազատական գաղափարներ դավանող մեդիահանրությանը»,-նշում է Հակոբյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ լրատվության տեսակետից այն, որ լրատվամիջոցը պետք է օբյեկտիվ ներկայացնի պատկերը, դրանում առարկություն չկա, մյուս կողմից, սակայն, լրագրողական էթիկայի նորմերի կանոնները պետք է հաշվի առնել է գնահատելու համար, թե տվյալ նյութը համապատասխանում է արդյոք ԶԼՄ էթիկայի վարքագծին, օրինակ՝ եթե դեպքի վայրից անմիջապես ներկայացվում է տեղեկությունը, և լրագրողը չի կարող պատկերացնել կամ կանխատեսել, թե ինչ գործողություններ կարող են տեղի ունենալ, այդ դեպքում դժվար է լրագրողի նկատմամբ պահանջներ դնել․
«Վերջին հաշվով նա իր լրագրողական գործունեությունն է կատարում։ Հաշվի առնելով Հայաստանում լրատվական միջոցները, որտեղ ակնհայտ է ըստ քաղաքական նպատակարմարության լուսաբանումը, և հաշվի առնելով թե ո՞ր հեռուստաընկերությունն է տարածել այդ տեսանյութը, հարց է առաջանում՝ որն է նպատակը։ TV5-ի դեպքում քաղաքական շարժառիթով է պայմանավորված՝ հարուցելու կամ նպաստելու հանրային դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ, որովհետև մի բան է հենց նյութը տրամադրելը, մեկ այլ բան է, թե ինչպես ես դա ներկայացնում, ոչ թե անմիջական ձայները ցուցադրես, այլ ճնշող ազդեցություն ունեցող կադրերը լրագրողը կարող է պատմել՝ հաշվի առնելով լրատվություն ստացողի վիճակը, նրա վրա հոգեբանական ազդեցությունը։ Եվ սա լուրջ հարց է, և կոնոկրետ լրատվական միջոցի վարքագիծը և նման կերպ տեսանյութի տարածումը ակնհայտ քաղաքական նպատակահարմարություն ունի»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այդ լրատվամիջոցը օբյետիվ չէ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների գործունեությանն անդրադառնալիս։
«Ինչ նպատակի հասան նման նյութ հրապարակելով․ զուտ իրենց քաղաքական նպատակների իրականացումը, և ոչ թե հանրությանը օբյեկտիվ տեղեկություն տրամադրելը»,-նշեց Սաքունցը։