«Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, հունվարի 15-ին հավաք անցկացրեց, նախ, Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհին Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որից հետո ավտոերթով շարժվեց դեպի բազայի մյուս մուտքը:
«Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նախաձեռնողները նշում են, որ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է, շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Լաչինի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։
Նման ակցիա «Բևեռ»-ն անցկացրեց նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝ հիմնականում տղամարդկանց, բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով: