WikiLeaks կայքում հրապարակված ամերիկյան գաղտնի նամակագրության փաստաթղթերից մեկը պատմում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի մասին: Փաստաթուղթը թվագրված է 2005թ.-ի մարտ ամսով: ՀՀ արտգործնախարարի խորհրդական Սալբի Ղազարյանը ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Գոդֆրիին պատմել է, որ Լավրովը կոշտ ձևով պահանջել է Հայաստանից սահմանափակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի և արևմտյան ռազմական կառույցների հետ: Նա ասել է, որ Հայաստանը պետք է չմոռանա, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները պետք է մնան կենտրոնական:
Օսկանյանը պատասխանել է, որ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի կարող վնասել Ռուսաստանի հետ կապերին, սակայն և չի կարող թույլ տալ, որպեսզի իր հարևանները` Վրաստանն ու Ադրբեջանը ավելի սերտ հարաբերություններ ունենան ՆԱՏՕ-ի հետ: Օսկանյանը նաև ասել է, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մեկուսանալ արևմտյան կառույցներին ինտեգրացիայի հարցում: Նշվում է, որ Լավրովն այս պատասխանից դժգոհ է մնացել, սակայն հավաստիացումներ է ստացել և՛ արտգործնախարար Օսկանյանից, և՛ նախագահ Քոչարյանից, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կմնա անփոփոխ:
Լավրովը նաև հարց է բարձրացրել ԱՊՀ-ում և ԵԱՀԿ-ում բարեփոխումներ իրականացնելու ռուսական առաջարկներին Հայաստանի կողմից աջակցություն ստանալու հարցը: Սալբի Ղազարյանը նշել է, որ այս քայլերը կմեծացնեին Ռուսաստանի ազդեցությունը ԱՊՀ երկրների վրա: Քոչարյանն ու Օսկանյանը չեն համաձայնել աջակցել այս փոփոխություններին, քանի որ դա դե ֆակտո սահմանափակելու էր Հայաստանի ինքնիշխանությունը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, ապա հայկական կողմը համաձայնել է միանալ ռուսական ջանքերին` սահմանափակելու այդ կառույցի` անդամ երկրների ներքին գործերին միջամտելու գործառույթները, սահմանափակելու այդ կազմակերպության դերը մարդու իրավունքների ոլորտում և ավելացնելու տնտեսական համագործակցության գործառույթները:
Այս հանդիպումների ժամանակ խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի մասին: Նշվում է, որ Լավրովը հավաստիացրել է, որ արգելափակելու է հարցը ՄԱԿ տեղափոխելու Ադրբեջանի բոլոր փորձերը:









































