WikiLeaks կայքում հրապարակվել է աշխարհի տարբեր երկրներին վերաբերող ամերիկյան գաղտնի դիվանագիտական նամակագրության նոր մեծ փաթեթ: Դրանցից ամենասկանդալայիններից մեկը թերևս վերաբերում է Միացյալ ազգերի կազմակերպության խաղաղապահ ուժերին, որոնք աֆրիկյան երկրներից մեկում անչափահասների հետ մտել են սեռական հարաբերությունների մեջ` դրա դիմաց տրամադրելով սնունդ:
Մասնավորապես հայտնի է դարձել, որ Կոտ դ’Իվուարում խաղաղապահ գործունեություն իրականացնող Բենինի զինվորները դիմել են նման քայլի: Փաստաթղթերից մեկի համաձայն՝ 8 անչափահաս աղջիկներ խոստովանել են, որ իրենք խաղաղապահների հետ սեռական հարաբերություններ են ունեցել: Ընդ որում՝ շատերի ծնողներն իրենք են իրենց երեխաներին դրդել նման քայլի, քանի որ խաղաղապահները խոստանում էին խնամք և պաշտպանություն:
ՄԱԿ-ն այս գործը քննել է, որի արդյունքում 6 զինվորների և 10 նախկին զինվորականների պատասխանատվության կանչելու նոտա է հղվել Բենինի կառավարությանը: