WikiLeaks կայքում հրապարակված ամերիկյան դիվանագիտական նամակագրության հերթական փաստաթուղթը վերաբերում է 2008թ. նախագահական ընտրություններին: Փոխդեսպան Փենինգթոնի կողմից կազմված նամակում պատմվում է, թե ինչպես Սերժ Սարգսյանը կես ժամում կոտրեց իր անպարտելիության իմիջը, երբ Երևանում հրավիրված նրա հանրահավաքը տևեց կես ժամ, իսկ հազարավոր մարդիկ, որոնք ավտոբուսներով բերվել էին այստեղ, միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքին:
Փենինգթոնը գրում է, որ երկու թեկնածուները հանրահավաք էին հրավիրել հետընտրական շրջանում` փետրվարի 26-ին: Ըստ ամերիկացի դիվանագետի` Տեր-Պետրոսյանն այս վեճում հաղթեց, որովհետև Սարգսյանի 60-70 հազար մարդու դիմաց, որոնք հիմնականում ավտոբուսներով էին բերվել այստեղ, Տեր-Պետրոսյանը հավաքել էր 85-100 հազար մարդ, որոնց ավելի ուշ միացան Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները` «միացում, միացում» վանկարկումների ներքո:
Դիվանագիտական նամակում նշվում է, որ հրապարակում հավաքվածների մեծ մասն ասել է, որ իրենց ստիպել են այստեղ գտնվել: Դիվանագետների զարմանքն առաջացրել էր այն փաստը, թե ինչպես կարող է 60-70 հազար հոծ բազմությունը Սարգսյանի ճառից անմիջապես հետո 8 րոպեի ընթացքում ամբողջությամբ լքել հրապարակը: Նույնիսկ այստեղ հավաքված էստրադային աստղերը չեն կարողացել Սարգսյանի ցույցի մասնակիցներին պահել հրապարակում:
Նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած այս հանրահավաքին ներկա են եղել դաշնակցական գործարարներ, որոնք դեսպանատան ներկայացուցչին պատմել են «կեղտոտ» ընտրությունների մասին, ինչպես նաև բողոքել են ԵԱՀԿ-ից, որը հենց առաջին ժամերին ընդունեց ընտրությունների արդյունքները:
Եզրակացության մեջ Փենինգթոնը գրում է, որ այս հանրահավաքը մեկ ժամում ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն անպարտելի չէ, իսկ Հանրապետության հրապարակում նրա հրավիրած հանրահավաքը ողջ նախընտրական շրջանի ամենամեծ ձախողումն է:









































