
Հայաստանի հետ բանակցությունների հարթակը մեզ համար առաջնահերթություն չէ, հայտարարում է Բաքվի արտգործնախարար Բայրամովը, ասելով, որ Ադրբեջանը ձգտում է արդյունքի, իսկ թե ինչ բանակցային ձևաչափով կլինի արդյունքը, Բաքվի համար չունի նշանակություն: Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է օգտվել Երևանի քայլից, երբ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում տեղի ունենալիք եռակողմ նախարարական հանդիպմանը, հայտարարելով, որ Հայաստանի համար ներկայումս գլխավոր խնդիրը Լաչինի միջանցքի ապարգելափակումն է: Արարատ Միրզոյանը հետո պարզաբանել էր նաև, թե հնարավոր չէ բանակցել անընդհատ սպառնալիքների պայմաններում: Երևանի դիրքորոշումն ու փաստտարկները միանգամայն հասկանալի ու տրամաբանական էին, սակայն թերևս չէին արտահայտում իրավիճակի ամբողջական համատեքստը, ինչից էլ փորձում է օգտվել Բաքուն: Որովհետև, եթե Հայաստանն այդ տրամաբանությամբ բացատրում է Մոսկվայում բանակցությունից հրաժարվելը, Մոսկվա չմեկնելը, ապա նույն տրամաբանությունը պետք է գործի նաև այլ ձևաչափերի նկատմամբ:
Եթե, օրինակ, հայտարարվում է, որ սպառնալիքի պայմաններում հնարավոր չէ բանակցել, ուրեմն բանակցել այդ պարագայում հնարավոր չէ թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում, թե ընդհանրապես՝ որևէ տեղ: Որովհետև, ինքնին փաստը, որ Ադրբեջանի զինուժը Հայաստանի իշխանության գնահատմամբ կանգնած է Հայաստանի ինքնիշխան տարածքում, արդեն իսկ սպառնալիք է, հետևավար դա արդեն իսկ պետք է բացառի բանակցություն՝ քանի դեռ այդ զինուժն այստեղ է: Ըստ այդմ ստացվում է, որ, Երևանը կամ պետք է լինի հետևողական և հրաժարվի որևէ բանակցությունից, քանի դե Ադրբեջանը սպառնում է և այսօր նաև փակ պահում միջանցքը, կամ պետք է զերծ մնալ այդօրինակ բացատրություններից ու դեմարշներից, քանի որ դրանք կարող են շրջվել Հայաստանի դեմ, առավել ևս այն պայմաններում, երբ բարդ ռեգիոնալ իրավիճակում գործնականում բոլոր խաղացողները փնտրում են «թույլ օղակ», կամ գուցե ավելի շուտ փնտրում են «առիթ», որ թույլ օղակի վրա թողնեն որևէ բարդության պատասխանատվություն:
Պետք է համարձակություն ունենանք նկատելու և արձանագրելու, կամ իմաստնություն, որ Հայաստանն այսօր մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով գտնվում է այդ թույլ օղակի դերում, հետևաբար Հայաստանի համար առանցքային նշանակություն պետք է ունենա որևէ մեկին «առիթ չտալու» խնդիրը: Մինչդեռ, Երևանը վերջին օրերին տվեց մեկ այլ առիթ՝ Ռուսաստանին տվեց առիթ խոսել այն մասին, որ Հայաստանից հնչում են «սադրիչ» հայտարարություններ, կապված «միութենական պետության» թեմայով ճնշման հետ: Երբ, օրինակ, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը այդպես է որակում Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը, այստեղ բուն խնդիրը այն չէ՝ թե ով է ճիշտ, ԱԽ քարտուղարը, թե Պեսկովը:
Ի վերջո քաղաքական լրջագույն գործընթացններում խաղի կանոնները «առաքինի օրիորդները» չէ, որ մշակում են իրագործում են: Հետևաբար, ուշադրության առարկան այն է, թե ինչ գնահատական է տալիս Պեսկովը: Նա չի ասում լոկ, որ դա չի համապատասխանում իրականությանն ու չկա ճնշում: Նա ասում է,որ հայտարարությունը «սադրանք» է: Պեսկովը գուցե կեղծում է, ստում է, դրանից չի փոխվում հարցի խնդրահարույց էությունը: Իսկ դա այն է, որ ՌԴ խոսնակի ձևակերպումը կարող է լինել որևէ սպասվող զարգացում Հայաստանի ԱԽ քարտուղարի «սադրանքի» վրա բարդելու նախապատրաստություն: Հետո իհարկե Հայաստանի հանրությունից որևէ մեկը կտրվի Պեսկովի հնարքին, որևէ մեկը կպաշտպանի ԱԽ քարտուղարին ու Հայաստանի իշխանությանը, բայց Ռուսաստանի համար այդ ծայրահեղությունները արդեն խնդիր չեն, և ավելին՝ խնդիրը հարցերը հենց ծայրահեղ հասարակական ընկալումների դաշտում պահելն է, որովհետև ռուսական քաղաքականության «աքիլեսյան գարշապարը» Հայաստանում ռացիոնալ ընկալումների ենթարկվելն է: Ըստ այդմ, պաշտոնական Երևանի և որևէ քաղաքական սուբյեկտի համար կարևոր է տալ հանրային ռացիոնալ ընկալումների, այլ ոչ թե հանրությանը ծայրահեղությունների մեջ գցող առիթներ: