Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԽԽՎ խորհրդարանական ասամբլեայի նախկին ղեկավար Գորան Լենմարկերն անդրադարձել է ղարաբաղյան հակակամարտության կարգավորմանը.
«Ես չեմ կարծում, թե Հարավային Կովկասում կարող է բռնկվել նոր պատերազմ։ Պատերազմ սկսելը հեշտ է, ավարտելն է դժվար։ Հակամարտող կողմերի հասարակական կարծիքին պետք է հասկացնել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է լինի փոխզիջումային։
Կողմերից ոչ մեկի պահանջներն էլ ամբողջովին չեն բավարարվի, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հակամարտության խաղաղ կարգավորումն օգտակար է հակամարտող կողմերի համար։ Օրինակ, հարյուր հազարավոր փախստականների ու հարկադիր վերաբնակների վերադարձը։ Նաև կարևոր է, որ նրանք կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններին։
Այն, որ Ռուսաստանն ակտիվորեն միջնորդում է այս հարցում, դա դրական է, և ես համաձայն եմ, որ ԵՄ-ն իրեն չափազանց պասիվ է պահում։ Եվրոպան ունի իր տիրույթում խաղաղություն կառուցելու, բազմաթիվ պատերազմներից հետո ժողովուրդների միջև բարեկեցություն ու ժողովրդավարություն հաստատելու եզակի փորձ։
Ես կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է շատ ուժգին աջակցություն ցուցաբերի հարավկովկասյան երկրներին, ինչը ենթադրում է այդ երկրների անդամակցության հնարավորություն։ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան երկրներ են, և եթե նրանք ցանկանան դառնալ եվրոպական ինտեգրման մի մասը և համապատասխանեն նրա չափորոշիչներին, ապա նրանց պետք է ընձեռվի այդպիսի հնարավորություն։ Ես վստահ եմ, որ դա տարածաշրջանին կբերի տևական խաղաղություն ու կայունություն»։











































