
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ադրբեջանը «բնապահպանական» մտացածին առիթով և շինծու «բնապահպաններով» արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, Արցախի ավելի քան 120 հազար բնակչությանը, ադ թվում մոտ 30 հազար երեխաներին դատապարտելով մարդասիրական ճգնաժամի և աղետի սպառնալիքի:
Խնդրի աշխարհաքաղաքական հնարավոր շերտերին, միջազգային արձագանքների թեմային անդրադարձել եմ և անկասկած, ցավոք սրտի լինելու են նոր անդրադարձերի առիթներ: Դրան զուգահեռ, թերևս կարևոր է անդրադառնալ, թե ներկայիս բախտորոշ շրջափուլում ինչ է կատարվում օրինակ Հայաստանում, ինչպիսին է Հայաստանի հասարակական-քաղաքական վարքագիծը: Այստեղ դժբախտաբար պետք է արձանագրել, որ Լաչինի միջանցքը բառի բուն իմաստով արգելափակված լինելով Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում, բովանդակային իմաստով «արգելափակված» է նաև Հայաստանում:
Արգելափակված է այն իմաստով, որ Հայաստանում գործնականում չկա խնդրի առնչությամբ, դրա բախտորոշությանն ու պահի լրջությանը հարիր հասարակական-քաղաքական դիսկուրս, քննարկումներ, որտեղ կշոշափվեն անելիքներ, մարտավարական և ռազմավարական գործողություններ, որոնք միտված կլինեն ոչ միայն ճանապարհի անմիջական բացմանը, այլ նաև հետագայում այդօրինակ սադրանքների կրկնության բացառմանը, այսինքն ինստիտուցիոնալ իրավա-քաղաքական հանգամանքների ձևավորման, որոնք «գին» կսահմանեն Բաքվի համար՝ միջազգայնորեն ամրագրված գին:
Ներկայիս՝ փաստացի համաշխարհային պատերազմի մատնված միջազգային կյանքում սրանք բարդագույն խնդիրներ են և պահանջում են համահասարակական ներուժի հավաքագրում և կենտրոնացում հնարավոր լուծումների, մոտեցումների որոշման խնդրի վրա: Դրա փոխարեն սակայն, մենք Հայաստանում տեսնում ենք «ավանդական» դարձած իրավիճակ, երբ ցանկացած խնդիր դառնում է քար որևէ ուժի ձեռքին, որը նետվում է ըստ քաղաքական, անձնական կամ խմբային, երբեմն էլ ըստ աշխարհաքաղաքական կոնյուկտուրային նպատակահարմարության, երբ իրավիճակի քաղաքական խորքային գնահատման և մեթոդաբանական «ստուգաչափման» փոխարեն հնչում են առավելագույնը սոցցանցային էպատաժի ներուժ պարունակող դեկլարացիաներ, քաղաքական և քաղաքագիտական դիսկուրսն իջեցնելով համացանցային «լայքահավաքության» մակարդակի: Հայկական քաղաքականությունը պետք է մաքրվի այդ «մոլախոտից», առանց որի Հայաստանում հնարավոր չէ ձևավորել միջավայր, որտեղ կարող է զարգանալ քաղաքական միտք և «ապարգելափակել» ինքնիշխան պետության ներուժի ճաապարհը: