
Եվրամիությունը պետք է օպերատիվ կերպով խիստ պատասխան մշակի ԱՄՆ-ի «Գնաճի նվազեցման ակտին», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Այս մասին հաղորդում Է ТАСС գործակալությունը։
«Մենք պետք է արագ և խիստ եվրոպական պատասխան տանք ամերիկյան օրենքին։ Մենք ձգտում ենք հասնել մի շարք բացառությունների, բայց միաժամանակ պետք է միջոցներ ձեռնարկենք կանաչ տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական նախագծերի մրցունակության պաշտպանության համար: Մենք պետք է գնանք ավելի հեռու և ավելի արագ», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Մակրոնը հավելել է, որ «դեկտեմբերի սկզբին ԱՄՆ կատարած այցի ժամանակ մեծ հաստատակամությամբ բարձրացրել է ամերիկյան օրենսդրությանը վերաբերող այս հարցը»։ «Մենք պետք է առավելագույնս մոբիլիզացնեք միջոցները, որպեսզի ֆինանսավորենք մեր պատասխանը ոչ միայն ազգային, այլև եվրոպական մակարդակով: Եվրոպան չպետք է իր պառակտումը թույլ տա», – ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնի խոսքով՝ «Գնաճի նվազեցման ակտի» պատասխանը կլինի հինգշաբթի օրը Բրյուսելում հրավիրված գագաթնաժողովի քննարկման թեմաներից մեկը։
Ընդ որում, Ֆրանսիայի ղեկավարը նշել է ԵՄ-ի պատրաստակամությունն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների համար։ «Մենք ունենք քաղաքական և մակրոտնտեսական գործիքներ, բայց անհրաժեշտ Է արագացնել այս աշխատանքը», – ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։ 2022 թվականի ամռանն ԱՄՆ-ում ընդունված «Գնաճի նվազեցման ակտն» զգալի սուբսիդիաներ է տրամադրում էլեկտրամեքենաների, կուտակիչների և էներգետիկ սարքավորումների արտադրողներին՝ պայմանով, որ դրանք արտադրված լինեն Միացյալ Նահանգներում: Եվրոպացի առաջնորդների կարծիքով՝ այս օրենքը կարող է հանգեցնել նոր անդրատլանտյան առևտրային պատերազմի: