Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելչուք Ունալը լրագրողներին հայտնել է, որ հրթիռային հարձակման սպառնալիքի վաղ զգուշացման ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) տեղակայվելու է Թուրքիայի տարածքում։
Ունալը լրագրողներին հիշեցրել է, որ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղակայման մասին որոշումն ընդունվել է նախորդ տարվա նոյեմբերին Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ.
«ՆԱՏՕ-ն պլանավորում է վաղ զգուշացման ՌՏԿ-ն տեղակայել մեր երկրում։ Դա իր ներդրումը կունենա մեր երկրի պաշտպանական համակարգի մեջ, կամրապնդի ՆԱՏՕ-ի պաշտպանական պոտենցիալը և մեր ազգային պաշտպանական համակարգը։
Թուրքիան ի սկզբանե աջակցել է այդ նախաձեռնությանը։ Կառավարության հրահանգով ընթանում են ՌՏԿ-ի տեղակայմանն առնչվող տեխնիկական աշխատանքներն ու բանակցությունները, դրանք մոտենում են իրենց ավարտական փուլին»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին թուրքական Akşam թերթը գրել էր, որ Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայվելու է X-Band տիպի ՌՏԿ, որն ունի 116 մետր երկարություն, 85 մետր բարձրություն, 50,000 տոննա ծանրություն, 75-85 հոգանոց անձնակազմ: 900 միլիոն դոլարանոց այս ՌՏԿ-ն ունակ է դիտարկում անցկացնել մինչև 5000 կիլոմետր շառավղով:
Իսկ նոյեմբերի 22-ին թուրքական Sabah թերթը գրեց. «Լիսաբոնյան գագաթնաժողովում վճռվել է Թուրքիայի տարածքում տեղակայել 2 ՌՏԿ, որոնցից մեկը տեղակայվելու է Սև ծովի արևելյան հատվածում, իսկ երկրորդը` հարավարևելյան Անատոլիայում: Դրանցից յուրաքանչյուրը դիտարկում է անցկացնելու հազար կիլոմետր շառավղով:
Այդ ՌՏԿ-ները Եվրոպան պաշտպանելու են իրանական հրթիռներից: ՌՏԿ-ների տեղակայումը վերոնշյալ վայրերում կարևորվում է նրանով, որ դրանք հնարավորինս մոտ գտնվեն թշնամական (իրանական) հրթիռների արձակման վայրերին»:











































