Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է տրանսպորտային կապերի վերականգնում ամենամոտ ապագայում։
«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով», – հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի «կողմեր» ասելով։
Նրա խոսքով՝ իրավիճակի թուլացման համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։
Մարիա Զախարովան հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը համապատասխան պարտավորություն են ստանձնել, որոնց պետք է անշեղորեն հետևեն»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի և անարդյունավետ է որակել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները՝ առանց հստակեցնելու, թե որ կողմից են դրանք հնչում, և շեշտել է՝ «որտեղից էլ որ դրանք հնչեն»։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը նման քայլի դիմելով, հասկացել է, որ Ռուսաստանի համար կստեղծի բարդ իրավիճակ, որն իրականության մեջ հեշտ լուծում չունի. «Այսինքն՝ բոլոր քայլերը, որոնք կարող է անել Ռուսաստանը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը։ Եթե իրենք գնան ուժ կիրառելու, որպեսզի ապաշրջափակեն, դա կառաջացնի որոշակի տեղեկատվական բացասական արձագանք, որովհետև ադրբեջանական կողմից կանայք կան, երիտասարդներ։ Այսինքն՝ մտածված այնպես է արվել, որ իր դեմ հնարավոր ուժի կիրառումը բացասական ազդեցություն ունենա, երկրորդ՝ կառաջացնի կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, և երրորդ՝ Թուրքիայի հետ, որոնք Ռուսաստանն իրեն չի կարող թույլ տալ՝ հաշվի առնելով ուկրաինական իրավիճակը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ Հարությունովը նկատեց, որ զիջումներն ու անգործությունը նույնպես վատ է Ռուսաստանի համար, դա կնշանակի, որ իրենք չեն կատարում իրենց պարտականությունները՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում.«Հասկանալի է, որ համապատասխան եզրակացություններ կլինի նաև Արցախի բնակչության կողմից։ Այսինքն՝ գլոբալ իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանի առջև ծագած խնդիրներն օբյեկտիվ են ու կապված են ուկրաինական իրավիճակից։ Այսինքն՝ Ադրբեջանն օգտվում է ուկրաինական կոնֆլիկտից, ցավոք սրտի, նման իրավիճակներ էլի կառաջանան։ Իհարկե Հայաստանում կա այնպիսի մոտեցում, որ Ռուսաստանն ինչ-որ բան կարող է անել, բայց չի անում, սակայն իրականության մեջ այդպես չէ։ Հնարավոր բոլոր տարբերակները Ռուսաստանի համար բացասական գործոններ են պարունակում»։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե Ռուսաստանը հնարավորություն ունենար տեխնիկապես հեշտ ու առանց ադրբեջանական կողմի հետ կոնֆլիկտ առաջացնելու ճանապարհը բացել, դա կանեին. «Բայց խնդիրն այն է, որ չեն կարող դա անել։Եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցներում կան լուսանկարներ, որ այնտեղ միայն ակտիվիստներ չեն, այսինքն՝ հարակից տարածքներում կան նաև ադրբեջանական զինված ոստիկաններ։ Երկրորդ՝ եթե իրենք գնան ուժ կիրառելու, Ադրբեջանն էլ կարող է պատասխանել։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ տարածքում ուժ չկիրառվի։ Այդ ժամանակ Ռուսաստանը կհայտնվի շատ ավելի բարդ այլընտրանքի առաջ, դա կնշանակի ռազմական կոնֆլիկտ։ Խաղաղապահներն ինչ-որ տեղ պատանդ են Ադրբեջանի ձեռքերում, որովհետև իրենց քանակը շատ փոքր է, որ լուրջ դիմակայեն Ադրբեջանին, լոգիստիկ առումով իրենք կտրված են Ռուսաստանի իրական ուժերից։ Նույնիսկ Հայաստանում տեղակայված բազան իրենց աջակցություն չի կարող ցույց տալ, եթե այդ փոքր միջանցքը կտրեն։Ռուսները սա շատ լավ հասկանում են ու աշխատում են հնարավոր կոնֆլիկտային տարբերակից խուսափել։ Ռուսաստանի հիմնական ուժերը Ուկրաինայում են կենտրոնացված, Թուրքիան կաջակցի Ադրբեջանին։ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չի ուզում, որովհետև նաև առկա պատժամիջոցների պայմաններում Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար մեծացել է, կարևոր խողովակ է Իրանի հետ կապի համար»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ստացվում է, որ ադրբեջանցիները կարող են ցանկացած պահի հումանիտար աղետ ստեղծել, Ռուսաստանն էլ որևէ բան չի կարող անել.«Եվ եթե լինեին այլ երկրներ, որոնք պատրաստ լինեին համապատասխան ուժեր տեղադրել, կարելի էր քննարկել, բայց առայժմ արևմուտքի արձագանքը զուտ դիվանագիտական է։ Երկրորդ, եթե նույնիսկ այլ երկրի խաղաղապահներ լինեն, չկա որևէ երաշխիք, որ այն նույն խնդիրները, որ կան, չեն լինի այլ երկրների խաղաղապահների պայմաններում։ Իրավիճակն ամենևին հեշտ չէ ու ցավոք սրտի՝ պարզ լուծումներ սեղանին դրված չկան»։










































