
Ռազմական ռեֆորմի շրջանակում իրականացվող Հայրենյաց պաշտպան ծրագիրը անցնող շաբաթ խորհրդարանում ընդունվեց «բացառիկ» պատկերով՝ դրան կողմ քվեարկեց նաև խորհրդարանական ընդդիմություն Հայաստան դաշինքը: Ծրագիրը միտված է ապահովել Հայաստանում պրոֆեսիոնալ բանակի ներդրման գործընթացը, խրախուսելով ռազմական գործի, ծառայության ընտրությունը: Հայաստանում բանակի և պաշտպանական համակարգի ռեֆորմացիայի մասին խոսվել է դեռևս պատերազմից առաջ, իսկ պատերազմից հետո դրա մասին խոսում են նույնիսկ ծույլերը: Պետք է նկատել սակայն, որ այստեղ որևէ հարց չի լուծվելու, եթե անգամ 3 միլիոն մարդ առավոտից երեկո խոսի ռեֆորմի անհրաժեշտության ու կարևորության մասին: Այյստեղ անհրաժեշտ է այն մարդկային ռեսուրսը, որը մշակելու է ռեֆորմի հստակ ու երկար ճանապարհային քարտեզը, ու ձեռնամուխ է լինելու դրա գործնական իրականացմանը: Ու այստեղ անկասկած է, որ հարցը պետք է դրվի վերքաղաքական, վերկուսակցական ռելսի վրա, քանի որ բանակի, ռազմական, պաշտպանական ռեֆորմը թերևս վեր է մեկ քաղաքական ուժի կարողությունից, քանի որ այն պահանջելու է գործոնների հսկայական համախումբ, ընդ որում թե ներքին, թե արտաքին դաշտում գտնվող գործոնների:
Միևնույն ժամանակ, անհնար է գործնականում բացառել հարցի շուրջ ներքաղաքական և հասարակական բանավեճը, որովհետև ի վերջո պաշտպանական քաղաքականությունը և հանձնառությունը քաղաքական մրցակցության մաս է, և նույնիսկ այդ հանգամանքը իր հերթին կարող է լինել արդյունավետությանը նպաստող, եթե քաղաքական և հասարակական դերակատարների միջև ձևավորվի նվազագույնը այդ հարցում մրցակցության կանոնների շուրջ այնպիսի կոնսենսուս, որը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների մոտ «չխթանի» քաոսից փախչելու, ըստ այդմ Հայաստանից հեռանալու ցանկություն, այլ խորացնի բանակում ծառայելու ցանկությունը, ռազմական գործն ընտրելու ցանկությունը: Հետևաբար, վերկուսակցականության, վերքաղաքականության հանգամանքը պետք է վերաբերի հենց խաղի, մրցակցության կանոնների շուրջ ուղղակի, թե անուղղակի համաձայնության, որից հետո արդեն բուն թեման, ռեֆորմացիայի բուն խնդիրներն ու առարկայական քննարկումները անցնեն նաև քաղաքական մրցակցության խողովակով: Քանի որ այն բացառելը գործնականում անհնար է, միաժամանակ հույժ կարևոր է հասարակական-քաղաքական ներառականությունը, արդյունավետ ռեֆորմացիայի համար իսկապես պետք է գալ «խաղի կանոնների» շուրջ համաձայնության և թերևս այդ համաձայնությունը պետք է ներառի որոշակի «լուռ» մեխանիզմների ներդրում: Խոսքն այն մասին է, որ պաշտպանական ռեֆորմի մասին պետք է հրապպարակայնորեն խոսվի քիչ, բանավեճերը պետք է տեղափոխվեն «փակ» ռեժիմ, որպեսզի դրանց մասնակիցները չտրվեն նաև պոպուլիզմի գայթակղությանը, լինեն իշխանական, թե ընդդիմադիր, թե քաղաքացիական-հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Այդ առումով, ռազմական ռեֆորմացիայի հարցում հանրությանը պետք է ներկայանալ ներառականության շնորհիվ արձանագրվող արդյունքով, ինչը իր հերթին կարող է հանրության վրա թողնել նախ և առաջ հոգեբանական բարերար ազդեցություն ավելի լայն իմաստով՝ որ Հայաստանում այդուհանդերձ հնարավոր է ստեղծել ոչ միայն քաոս, այլ նաև կոնկրետ արդյունք, այն էլ պաշտպանական կարևորագույն հարթությունում, ու նաև վստահություն հենց պաշտպանական համակարգի հանդեպ, հիմնված այդ համակարգի արդիականացումը ապահովող լայն ներառականության գործնական համոզչականությամբ պատկերի վրա; Դա կնպաստի նաև ռազմական ոլորտը, զինված ուժերի հարթությունը քաղաքական խաղարկումներից զերծ պահելու հանրային ենթագիտակցության ու հասարակական-քաղաքական մշակույթի, ավանդութականության ձևավորմանը: