
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ։ Ի թիվս այլ դրույթների, խմբակցությունը տարակուսելի է համարում «Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին»։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի Հանրապետության ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով․ «Արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, հակառակ դեպքում՝ ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի»,- նշված է Բաբայանի ղեկավարած կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը գտնում է, որ նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է հասկանում նշված քաղաքական ուժը անհաղորդ ասելով․ «Եթե խոսքը կուլիսային, կամ գաղտնի քաղաքական գործընթացներից անտեղյակ լինելու մասին է, ապա հայտարարության մեջ պետք է հստակ նշվի դրանց մասին, այլապես տպավորություն է ստեղծվում, թե տվյալ քաղաքական ուժը տիրապետում է կոնկրետ տեղեկատվության, որին ըստ իրենց չի տիրապետում քաղաքական իշխանությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազիզյանը։
Ինչ վերաբերում է քաղաքական դասավորվածության անհամապատասխանությանը հետպատերազմյան իրողություններին, ապա դա, ըստ մեր զրուցակցի, քաղաքական խնդիր է և նման եզրակացության գալու համար պետք է ուսումնասիրություններ և հարցումներ կատարվեն․ «Ամենևին էլ չի բացառվում, որ դրանց արդյունքները կհաստատեն նշված պնդումը, բայց նաև պետք է դիտարկել ստեղծված իրողությունների պայմաններում նոր ընտրությունների կազմակերպման և անցկացման հնարավորությունը»։
Ազիզյանի դիտարկմամբ՝ մենք այս առումով պետք է հստակ երաշխիքներ ունենանք, առանց որոնց իշխանության հրաժարականի դեպքում ընտրություններ անցկացնելու և նոր իշխանության ձևավորման գործընթացը կարող է ձախողվել․ «Այսինքն արդյունքում ոչ թե քաղաքական, այլ պետական իշխանությունից կարող ենք զրկվել, իսկ Ադրբեջանը ցանկացած գնով ձգտում է հասնել դրան, արկածախնդրության գնալու գինը ճակատագրական կարող է լինել»,-եզրափակեց նա։