Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն ու օրակարգն այժմ համաձայնեցվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հիմա նախապատրաստում ենք հերթական նման միջոցառումը և համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը», – ասել է նա։
Հիշեցնենք,որ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, տեղի է ունենալ ԱԳ փոխնախարարների մակարդակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։
Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Ռուսաստանն իր ծրագրերից չի հրաժարվում և նրան միանգամայն ձեռնտու է նման ձևաչափը գործի դնելը. «Ռուսաստանը նպատակ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին լիարժեք դուրս մղել գործընթացներից։ Եթե այդպես լինբի՝ վերջ կդնի արևմուտքի ներկայությանը Հարավային Կովկասում ամբողջապես։ Արդյոք Ռուսաստանն ի վիճակի է իրագործել Պուտինի աշխարհաքաղաքական ծրագրերը, չեմ կարծում, թե այո։Որևէ քաղաքակիրթ երկիր ո՛չ Ռուսաստանի ո՛չ էլ Պուտինի հետ առնչվել չի ցանկանում։ Պուտինը ռուս ժողովրդին էլ դարձրել է կամազուրկ զանգված։ Հիշում ենք Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացված բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում էին Պուտինի հասցեին հայհոյանքներով։ Զորակոչից հետո էլ Ուկրաինա գործուղված զինվորներն են նույնատիպ բացականչություններով դիմում Պուտինին։Պատկերացրեք մի երկրի ղեկավար, որի քաղաքացիները իրևեն հայհոյում են, ընդ որում՝ հենց այն զորքերը, որոնք պետք է գնան երկրի համար կռվեն։ Նրանք ըմբոստանում են, քանի որ սոված են, ո՛չ զենք ունեն ո՛չ զինամթերք, տանկերը մնում են ճանապարհին, վառելանյութ չունեն։ Փաստորեն այդ մարդիկ պետք է մեռնեն, բայց ինչի՞ համար։ Պատերազմը պետք է նպատակ հետապնդի, արդյոք կա նպատակ։ Պուտինի կամակորությունների համար գնալ մեռնելը մի քիչ շատ կլինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը «3+3» ձևաչափին, ապա մեր զրուցակցի կարծիքով, լավ կլիներ, որ Հայաստանը հրաժարվեր, սակայն դրա ռեսուրսներն այս պահին չունի. «Ունենք այնպիսի մի դաշնակից, որն ամենաչարանենգ թշնամուց էլ վտանգավոր է։ Խոսքը հայատյացության անասնական բնազդով տառապող Պուտինի մասին է։ Հիմա հրաժարավելու դեպքում, հավանաբար Փաշինյանը մտահոգություն ունի, որ Հայաստանի գլխին նոր փորձանք կբերի։ Արդեն որերո՞րդ անգամ է բերում։ Սեպտեմբերի 13-ի հարձակումը ևս Պուտինի խրախուսմամբ տեղի ունեցավ, մենք 201 զոհ ունենք, չհաշված վիրավորները, քաղաքացիական անձինք»։
Չաքրյանի խոսքերով՝ հրաժարվելը վտանգավոր է, սակայն կարելի է ինչ-որ ձևով մյուս համանախագահող երկրներին հասկացնել, որ վիճակն այսպիսին է ու մենք պարտավորված ենք գնալ այս քայլին, այլապես մեր ժողովրդի գլխին նոր փորձանք կբերի. «Իրենք իհարկե գիտեն, թե Պուտինն իրենից ինչ է ներկայացնում։ Կարծում եմ, որ այսքանից հետո Փաշինյանն էլ մի փոքր ավելի համարձակ պետք է գործի՚։
Միևնույն ժամանակ թուրքագետն արձանագրում է, որ այդ ձևաչափում մենք բարեկամներ չունենք, Վրաստանը չի մասնակցում, Իրանի «բարեկամական նկրտումներն էլ» խիստ վիճելի են. «Իրանը կմասնակցի՞ առհասարակ, վստահ չեմ։ Բայց եթե անգամ մասնակցի էլ՝ ինչ-որ խոստումների դիմաց։ Իր երկրի շահերի տեսանկյունից Իրանը բավականին սառնասիրտ քաղաքականություն է վարում։ Երբ մենք ասում ենք դարավոր բարեկամ՝ ես դա խիստ վիճելի եմ համարում։ Ովքեր ասում են, որ Իրանը մեր դարավոր բարեկամն է, թող բացեն միջնադարի աղբյուրները կարդան, ի՞նչ բարեկամի մասին է խոսքը։ Խաբեությամբ տարել են մեր արքաներին, ինչ ստորություն ասես արել են՝ սպանել են կամ տանջամահ արել»,-եզրափակեց նա։










































