Ամիսներ առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսի Հոլմբի հիլս թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ փողոցում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց սկսեց։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ անշարժ գույքը ձեռք էր բերվել Հայաստանում կոռուպցիոն եղանակով ձևավորված եկամուտներով։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:
«Հետք»-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան շքեղ առանձնատունը կրկին հանվել է վաճառքի: Եթե այս տարվա ապրիլի 7-ին տունը վաճառքի էր դրվել 63.500.000 դոլարով, իսկ նոյեմբերի 3-ին հանվեց շուկայից՝ այդպես էլ չվաճառվելով, ապա օրեր առաջ՝ նոյեմբերի 30-ին, անշարժ գույքը կրկին վաճառքի է հանվել, բայց այս անգամ 7,5 մլն դոլար ավելի էժան՝ 56.000.000:
Ըստ համացանցում առկա տվյալների՝ տունը շուկա է հանել «RE/MAX» ընկերությունը, որն անշարժ գույքի շուկայում աշխարհի ամենախոշոր գործակալություններից է:
Թե ինչու է գնիջեցում տեղի ունեցել, պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ում անշարժ գույքի շուկան բավական պասիվացել է, և այն գները, որոնք կային 10-12 ամիս առաջ, հիմա փոփոխության են ենթարկվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատրյանները վարձել են հայտնի փաստաբանների, որոնք էլ ճնշում են գործադրում, փաստեր բերում դատարան, որ գույքը արգելանքի տակ են պահում ապօրինի, և հնարավորություն են ստացել նորից դնել վաճառքի։
«Նախկինում այսպիսի գործարքները ինչպե՞ս էին տեղի ունենում։ Հայաստանից գալիս էին, այն ժամանակ հարկայինից թուղթ էին բերում, որն իբր փաստում էր, որ իրենց գումարները մաքուր ճանապարհով են ձեռք բերվել։ Եվ առավել ևս Գագիկ Խաչատրյանի համար որևէ պրոբլեմ չէր կարող լինել նման փաստաթուղթ ձեռք բերելու համար։ Անցյալում բոլոր գործիքները կային այդ գումարները «մաքուր» են ձեռք բերել, և հիմա ԱՄՆ ում ապացուցել, որ գողացված գումարով են ձեռք բերել, բարդ է։ Հնարավոր է, որ արդեն ունեն դատարանի որոշում, որ գնացեք վաճառեք, դրա համար էլ դրել են վաճառքի»,-հավելեց մեր աղբյուրը։ Այն, որ այսպիսի գործակալություն է զբաղվում նրանց անշարժ գույքի վաճառքով, նշանակում է՝ ունի որոշակի երաշխիքներ։








































