Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հետաքննում է ռուսական Независимая газета թերթում տեղադրված այն տեղեկատվությունը, որում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես անկախ պետություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։
Վերջինս նշել է. «Ադրբեջանի արտգործնախարարությունը հրահանգ է տվել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը, որպեսզի նա Независимая газета-ի խմբագրությանն իրազեկի ադրբեջանական կողմի դժգոհության մասին՝ կապված նրա հրապարակումների հետ։
Դրանցում «Ադրբեջանի օկուպացված տարածքները» որակվում են որպես «անկախ պետություն», իսկ դրա ղեկավարը՝ որպես «նախագահ»։ Բացի այդ, հրամցվում է «իրականությանը չհամապատասխանող» տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ այսօր Независимая газета-ում հրապարակվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ծավալուն հարցազրույցը։