«Պետք է ժամանակ տրվի, որ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան ոչ թե վերականգնվի, այլ, իրոք, դառնա կոնսերվատորիա՝ երաժշտական կարևորագույն հիմնարկ: Գաղտնիք չէ, որ այստեղ վերջին տարիներին տխուր վիճակ է տիրում, քանի որ կային ու դեռ կան բազմաթիվ խնդիրներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով կոնսերվատորիայում տիրող վիճակն ու սեպտեմբերի 3-ին կայանալիք ռեկտորի ընտրությունները, ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
«Շատ լուրջ ակնկալիքներ ունեմ՝ կապված կյոնսերվատորիայի ապագայի հետ ու այդ համատեքստում դրական եմ գնահատում նոր ռեկտորի՝ Շահեն Շահինյանի թեկնածությունը»,- ասաց երաժիշտը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր «անկապ անիմաստ լուրեր տարածել» վերջինիս հասցեին ու պնդել, թե Շահինյանը «կոնսերվատորիայի հետ որևէ կապ չունի» այն դեպքում, երբ ավարտել է կոնսերվատորիան, ասպիրանտուրան:
«Երբ կողմնակի մարդիկ, որոնք ընդհանրապես իրավունք չունեն խոսել երաժշտության մասին, սկսում են խոսել այդ կարգի բաների մասին, ես զայրանում եմ: Իսկ ո՞վ է ասել, որ ռեկտորը պետք է լինի անպայման բեմում: Նա պետք է լինի շատ լավ ադմինիստրատոր, ունենա ծրագիր, որի միջոցով կոնսերվատորիայի աշխատողները կարողանան ճիշտ ձևով աշխատել, ու ուսանողները հասկանան, որ դա հիմնարկ է, ոչ թե կոռումպացված հաստատություն»,- ասաց Ա. Բաբախանյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ այստեղ սխալ է դրված ուսման պրոցեսը:
Նրա խոսքով՝ շատ լավ երաժիշտ լինելով հանդերձ, մարդը կարող է լինել վատ ռեկտոր:
«Եկել է այն պահը, որ այս ձևով էլ չենք կարող առաջ շարժվել: Մենք կորցնում ենք մեր երաժշտական լուրջ ավանդույթները»,- ահազանգ հնչեցրեց երաժիշտը:











































