Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը քննադատել է Թուրքիային՝ Հյուսիսային Իրաքի ռմբակոծությունների համար: Ցայժմ Թուրքիան բազմիցս քննադատել է Իսրայելին՝ Գազայի հատվածի ռմբակոծությունների համար, և հիմա էլ Իսրայելն է Թուրքիային քննադատում Հյուսիսային Իրաքի ռմբակոծությունների համար, ուր գտնվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները։
Իսրայելական ազդեցիկ Haaretz թերթին տված հարցազրույցում մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա կարծիք է հայտնել, որ PKK-ի դեմ Թուրքիայի պայքարը կարող է նպաստել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այդ պայքարում Թուրքիան անօդաչու թռչող սարքերի (հետախուզական ինքնաթիռ) խիստ կարիք է զգում, որոնց արտադրությամբ հայտնի է Իսրայելը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ավիացիայի ու հրետանու միջոցով օգոստոսի 17-ից սկսած՝ ռմբակոծում է Հյուսիսային Իրաքը։