Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում՝ անկախ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներից։ «Մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգների աջակցությունը կլինի կայուն և անսասան» – այս կապակցությամբ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային օգնության հարցում Բայդենը ձգտում է միջկուսակցական համագործակցության։
Ավելի վաղ հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին ասել էր, որ եթե իր կուսակցությունը հաջողության հասնի միջանկյալ ընտրություններում, ապա Կիևն այլևս չի ԱՄՆ-ից ստանա «ստորագրված չեկեր՝ ցանկացած գումար նշելու հնարավորությամբ»։ Այս խոսքերը քննարկման առիթ դարձան Ուկրաինային ԱՄՆ ռազմական և տնտեսական օգնության հնարավոր կրճատման մասին։
CNN-ին տված հարցազրույցում Մաքքարթին ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինային, սակայն անհրաժեշտ է համարում համոզվել, որ «միջոցները գնում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ են։ Կոնգրեսը պետք է կարողանա ազատ բանավեճ անցկացնել այս թեմայով»։