Համապետական ծառատունկի ընթացքում, որն անցկացվել է նոյեմբերի 5-ին, Հայաստանում շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել՝ 451 հազար տնկանյութով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, հացենի, թեղի, խնձորենի, թխկի, կաղնի, կեչի, արջատխիլ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ համապետական ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ՊՈԱԿ-ներով, պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը, և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։