Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցմանը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հայտարարություններից մեկը։ Ռուս դիվանագետն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն արժեր հետաձգել անորոշ ժամանակով։ Փաշինյանը համաձայնել է այս մոտեցմանը՝ նշելով միայն, որ այսօրվա դրությամբ չկա որեւէ հնարավորություն կարգավիճակի ապահովման համար։ Հատկապես այնպիսի, որն ընդունելի կլիներ հակամարտող բոլոր կողմերի համար։ Նման դիրքորոշում ունի նաեւ, ըստ նրա, Կրեմլը։