Թմբուկը չվերջացած՝ ոտնձգություն ենք անում Հանրապետության հրապարակի վրա՝ Ալեքսանդր Թամանյանի ժառանգության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը՝ մեկնաբանելով Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ կառուցվելիք 4-աստղանի հյուրանոցի կառուցումը:
«Դա քաղաքաշինական սխալ է: Ես չեմ հասկանում պատճառները: Խնդրեմ, թող կառուցեն մեկ այլ տեղում: Ներդրումներ արեք արվարձաններում: Կատարվում է սխալ սխալի հետևից»,- ասաց ճարտարապետը:
Ըստ նրա՝ երևանցիները մեծանում են քաղաքային միջավայրում և որքան անորոակ է այն, այդքան էլ կլինի հետագա սերունդը:
Նա նշեց, որ ներկայում կտրուկ փոխվել է Երևանի դեմքը, Երևանը դարձել է ոչ երևանցու համար: «Երիտասարդներն իրենք էլ չզգալով ինչու՝ դարձել են ագրեսիվ»,- ասաց Գ.Սուխուդյանը՝ դրա պատճառները փնտրելով քաղաքաշինական սխալ լուծումների մեջ:
«Մեր հանրապետությունը կոչվում է Հայաստանի Հանրապետություն և ոչ թե Հայաստանի Էլիտար Հանրապետություն: Մենք սոցիալական հազար ու մի հարց ունենք լուծելու, Երևանն ունի քաղաքաշինական լուրջ խնդիրներ: Մենք մեր մազերն ենք ներկում՝ առանց մտածելու ներքին օրգանների առողջության մասին», – զայրացած նշեց ճարտարապետը՝ ընդգծելով, որ 4 աստղանի հյուրանոցի կառուցումը հղի է լուրջ վտանգներով:
Նա առաջարկեց ներդրողներին ոչ թե մակերես վաճառել, այլ ծավալ, որ վերջիններս պատասխանատվություն կրեն յուրաքանչյուր սանտիմետրի համար:




































