ՀՀ կառավարության վաղվա նիստում համաձայնություն կտրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Արաբական Միացյալ Էմիրություններն ունի խիստ զարգացած տնտեսություն, որը վերջին տարիների ընթացքում շարունակում է զարգանալ բարձր տեմպերով, ինչին նպաստում են երկրի ունեցած հարուստ պաշարները: Երկրի իշխանությունները վարում են տնտեսական «բաց դռների» քաղաքականություն: ԱՄԷ-ի տնտեսության և սոցիալական կյանքի տարբեր ոլորտների հսկայածավալ ծրագրերն իրականացվում են օտարերկրյա աշխատուժի ներգրավմամբ: ԱՄԷ իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև գործատուները շահագրգռված են նաև Հայաստանից մասնագետներ հրավիրելու հարցում:
ԱՄԷ-ի գործատուներն առաջարկում են բավական գրավիչ պայմաններ, մասնավորապես՝ ապահովելով բարձր աշխատավարձ, բնակության բավարար պայմաններ, ինչպես նաև ինքնաթիռի տոմսեր:
Ընդ որում, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ԱՄԷ-ից մեկնելու հարցում գործուղված մասնագետների նկատմամբ ԱՄԷ-ում գործող օրենսդրությունը և կիրառվող պրակտիկան բավականին խիստ են:











































