Մեր քաղաքի կարևորագույն հիմնախնդիրներից է աղբահանության կազմակերպումը: Մեզ մոտ այդ գործը նորմալ չի կատարվում, նույնիսկ կան անօրինական աղբանոցներ: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, հաջորդ տարի աղբահանման և սանմաքրման համար այլ ստանդարտ կլինի, կկառուցվի նոր աղբավայր:
Նոր ընկերությունների հետ պայմանագրի ստորագրմամբ արդյոք կլուծվի՞ քաղաքի աղբահանության հարցը: Այս մասին զրույցում էկոլոգ Ինգա Զարաֆյանը առայժմ խուսափեց կարծիք հայտնել նոր նախագծի մասին, քանի որ ծրագիրը արդեն կա, սակայն որևէ մանրամասներ չկան: Էկոլոգի խոսքով, աղբահանության նոր մեխանիզմ սահմանելուց առաջ պետք է նախ ունեցածի գնահատում իրականացնել: «Պետք է տեսնենք ՝ ինչ ունենք, ինչ՝ ոչ: Նորանոր ապօրինի աղբանոցներ են հայտնաբերվում, պետք է տեսնենք՝ ինչ աղբանոցներ, ինչ գերեզմանոցներ կան իրականում»,- ասաց Զարաֆյանը:
Մեր աղբահանության մյուս խնդիրը աղբի վերամշակումն է: Այսօր չի կատարվում աղբի տեսակավորում և վերամշակում: Աղբանոց են նետվում արտադրական թափոններ, որոնցում քիմիական պրոցեսներ են ընթանում՝ արդյունքում արտանետելով թունավոր նյութեր: Մեկ այլ խնդիր է հենց քիմիական նյութերի, դեղամիջոցների դուրս նետումը՝ առանց քիմիական թույնը լիկվիդացնելու:
«Մենք միայն պահանջում ենք թափոնների վերամշակում: Իհարկե, դրա համար ունենք արդյունաբերություն, որը մշակելու համար մեծ ռեսուրսներ է պահանջում, սակայն դա անհրաժեշտ է, քանի որ այրել այդ երկու տեսակի աղբը իրավունք չունենք»,- ասաց Ինգա Զարաֆյանը:










































