Լիբիայի ընդդիմությունը, որը քայլ առ քայլ ստանձնում է երկրի իշխանությունը, սկսել է էթնիկ զտումներ իրականացնել՝ առանց որևէ պատճառի և հետաքննության գնդակահարելով Լիբիայում գտնվող սևամորթներին: Այս մասին Associated Press գործակալությանն ասել է Աֆրիկյան միության ներկայացուցիչ Ժան Պինգը:
Ապստամբները չեն կարողանում տարբերել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից պատերազմող սևամորթ վարձկաններին աշխատանքային միգրանտներից: Աֆրիկյան միությունում նշում են, որ հենց այս զտումներն են, որոնք թույլ չեն տվել այդ կազմակերպությանը ճանաչել Լիբիայի ընդդիմադիր Ազգային անցումային խորհուրդը:
Հիշեցնենք, որ ապստամբության ողջ ընթացքում մամուլը գրել է այս խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ սևամորթներն իրենց հերթին ապստամբ քաղաքներում զտումներ են անցկացրել՝ սպանելով քաղաքացիական բնակչությանը: Նշվում էր նաև, որ վարձկանների հիմնական խմբերն այստեղ են ժամանել Չադից և Մալիից: