Օրերս Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասել է՝ չի բացառում, որ Հայաստանում պաշտոնի առաջարկ լինի՝ կհամաձայնի: Հիշեցնենք, որ նա վերջին շրջանում հանդես էր գալիս իր հակահայ քաղաքական ելույթներով, որով կասկածի տակ էր դնում ՀՀ ինքնիշխանությունն ու օրինակ բերում Թաթարստանին՝ հորդորելով Հայաստանին դառնալ այդ երկրի պես, այն է՝ անինքնիշխան: «Առաջին լրատվական»-ը խոսել է «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ, որի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը՝ որպես տնտեսական, գործիչ, ունի որոշակի հեղինակություն, սոցիալական կապիտալ, սակայն որպես քաղաքական հայտ ներկայացրած անձ, ունի մի շարք վտանգավոր և Հայաստանի պետականության համար անընդունելի հայտարարություններ և մտքեր, որոնք բազմիցս հնչեցրել է իր ելույթներում:
Ըստ էության՝ առանձնացնել կարելի է երկուսը, այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու պատրաստակամությունը, երևութական անվտանգության ու տնտեսական կայունության դիմաց և մյուսը՝ անվերապահ ռուսահպատակության միտքը, որով հայտարարել էր, որ ՀՀ բնակչության 90 և ավելի տոկոսը Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունների խորացման կողմնակից է, բնականաբար, այստեղ խոսք չէր գնում որևէ սոցիոլոգիական տվյալների մասին, պարզապես այս կերպ մատուցվեց այն նպատակն ու քաղաքական հայտը, որն իր առջև դրել է Ռուբեն Վարդանյանը, այսինքն՝ անվերապահ ռուսամետություն և ինքնին՝ միութենական պետության կամ նման որևէ այլ ֆորմատի շրջանակներում Ռուսաստանի կազմում ներգրավվելը: Այս համատեքստում Վարդանյանի քաղաքական հայտը մերժելի է Հայաստանի պետականության տեսանկյունից, որքան էլ, որ որպես տնտեսական գործիչ ունի որոշակի հեղինակություն, հմտություններ և փորձ, հետևաբար այն բոլոր քաղաքական գործիչները կամ պետական այր դառնալու հավակնություն ունեցող անձինք, որոնք Հայաստանի պետականությունը չեն համարում անվերապահ սրբություն և բացարձակ արժեք՝ պետք է տեղ չունենան ՀՀ քաղաքական և պետական կյանքում, որովհետև եթե անձը հայտ է ներկայացնում՝ երկիրն առաջնորդելու կամ երկրում որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար, սակայն չի հարգում և որպես անվերապահ՝ արժեք չի ընդունում այդ երկրի ինքնիշխան պետական արժեքը, ապա այդ մարդը իրավունք չունի այդ երկրի բախտը որոշող որևէ պետական պաշտոնեական կարգավիճակ ունենալ:
«Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանին ՀՀ-ում որևէ պաշտոն առաջարկել թե՛ քաղաքագիտական, թե՛ քաղաքական տեսանկյունից նոնսեսային երևույթ կլինի: Ըստ էության՝ Վարդանյանը ցույց է տալիս, որ քաղաքական մտածողության առումով բավականին շատ խնդիրներ ունի, որովհետև իր հայտարաությունը հակասում է ժողովրդավարական, պետական, քաղաքական համակարգի ելակետային սկզբունքներին, այն է՝ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորում, ժողովրդի կողմից մանդատի տրամադրում այս կամ այն կուսակցությանը՝ ելնելով դրա գաղափարախոսությունից: Ռուբեն Վարդանյանը ընտրությունների չի մասնակցել, իսկ դրա հետ ասոցացումը այսօր խորհրդարանական կառավարման համակարգում պարտադիր է՝ որևէ քաղաքական հայտ ներկայացնելու համար, քանի որ մենք ներկա դրությամբ ունենք միայն մեկ անմիջական մանդատ ունեցող ինստիտուտ՝ խորհրդարանը, և տվյալ պարագայում շատ կարևոր է, որ Վարդանյանը այնպիսի գաղափարաբանություն է որդեգրել, որը հակոտնյա է դարձնում նրան իշխող ուժի կազմում որևէ պաշտոնի զբաղեցման համար, որովհետև նա միակն է, այն խոստումնալից կամ նոր քաղաքական հայտ ներկայացնող գործիչներից, որը՝ ունենալով որոշակի սոցիալական կապիտալ և հեղինակություն, անվերապահորեն և առանց սեթևեթանքների հայտարարել է՝ Ռուսաստանի կազմում ինտեգրվելու հնարավորության մասին»,- ասում է Խալաթյանը:
Հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ևս նման հայտարարությամբ հանդես էր եկել, սակայն նոր քաղաքական դեմքերից Ռուբեն Վարդանյանն է: Ամենավատն այն է, որ Վարդանյանն այսպիսով կամա, թե ակամա հայտնվում է նույն դաշտում Ռոբերտ Քոչարյանի հետ և այս ամենը հաշվի առնելով՝ բացառվում է բնականոն ընթացքի պարագայում Ռուբեն Վարդանյանին որևէ պատասխանատու պաշտոնի առաջարկումը:
Նկատելի է, որ Վարդանյանը քաղաքական ակտիվություն սկսել է դրսևորել ներկայիս իշխանությունների օրոք, որը չէր անում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների ժամանակ, ըստ Խալաթայանի՝ պատճառը «Թավշյա հեղափոխության» տված ազատությունն է քաղաքական համակարգին և տեղի սուբյեկտներին: Այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտը, որքան էլ, որ բազմաթիվ թերություններ և բացեր, սակայն միևնույն ժամանակ ունի գաղափարախոսական բազմակարծություն, որի համատեքստում՝ ցանկացած քաղաքական սուբյեկտ փորձում է հայտ ներկայցնել՝ չունենալով որևէ խոչընդոտ պետության կողմից այդ հարցում: Վարդանյանի ներկայիս հայտը պայմանավորված՝ հենց «Թավշյա հեղափոխության» ընձեռած հնարավորություններով, քանի որ ավտորիտար վարչակազմի պարագայում, որը գործում էր Հայաստանում շուրջ 20 և ավելի տարի, Վարդանյանը այդ համակարգի տրամբանությունից ելնելով՝ ինքնուրույն հայտ չէր կարող ներկայցնել, սակայն հիմա նա ունի այդ հնարավորությունը, որից օգտվում է: Պետք է հաշվի առնել, որ որքան էլ մենք ժողովրդավարական պետություն ենք՝ չի նշանակում, որ ցանկացած գաղափարի և գաղափարախոսության անարգել շրջանառում և քաղաքական պայքար այդ գաղափարախոսության ենթագործման համար պետք է լինի, այսինքն՝ եթե անձիք չարաշահելով տրված համապատասխան ազատությունը՝ շրջանառում են, օրինակ՝ ՀՀ սահմանադրական կարգը խախտող գաղափարներ, ինչպիսիք են՝ Հայաստանի անկախության զիջումը, որը Սահմանադրական կարգի սրբությունն է, ապա, բնականաբար, պետությունը պետք է գործիքակազմ ունենա նման անձանց և ուժերին հակազդելու համար: Ռուբեն Վարդանյանն օգտվելով ազատ Հայաստանի ընձեռած հնարիավորություններից՝ հայտ է ներկայացնում մտնել քաղաքական պայքարի մեջ, սակայն շրջանառում է այնպիսի գաղափարներ, որոնք եթե փորձի իրագործել, կհայտնվի իրավապահ մարմինների տիրույթում:









































