«Օրերս հայաստանյան շուկայում գրանցվեց շաքարավազի գների ռեկորդային աճ` մինչև 500 դրամ մայրաքաղաքում, 520 դրամ` մարզերում: Դա պայմանավորեցին միջազգային շուկայում գների աճով: Գյուղնախարարը նույնիսկ հայտարարեց, թե գինը դեռ շուտ պետք է բարձրանար, քանի որ Վրաստանում այն վաղուց 460 դրամ է»,- գրում է «Երկիր»-ը և հավելում, որ պարզվում է` շաքարավազի գինը միջազգային շուկայի հետ բնավ կապ չունի: Բանն այն է, որ նախագահ Ս.Սարգսյանը խոշոր հարկատուների հետ վերջին հանդիպման ժամանակ, ըստ տեղեկությունների, պարտադրել է ստվերային գործարք կնքողներին սեպտեմբերի 1-ից բացառել այն և ամբողությամբ տեղափոխվել հարկային դաշտ: Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունը, որը հանրապետություն շաքարավազ ներմուծողն է, գլխի է ընկել, թե ինչպես անի, որ իր գերշահույթը չպակասի:
Լավագույն ձևը` ինչպես միշտ մտնել ժողովրդի գրպանը: Մինչ այդ խոշոր մատակարարներին մեծածախ վաճառք իրականացնելիս հաշիվ-ապրանքագրում նշում էր 50 դրամ մեկ կիլոգրամի համար, այժմ` 427 դրամ:
«Ահա թե ինչու է Հայաստանում շաքարավազը թանկ: Չնայած «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում երեկ շաքարավազի գինը իջել էր 440 դրամի, բայց, ելնելով վերոնշյալից, հավանաբար, այլևս չի էժանանա»,- եզրակացնում է թերթը:






































