Իսրայելական բանակի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը հրամայել է ավելացնել զինվորական խմբավորումները Իսրայելի և Եգիպտոսի սահմանին: Այս մասին հայտնում է «Իսրայելի ձայն» ռադիոկայանը: Նաև հրաման է արձակվել ուժեղացնել հսկողությունը Գազայի հատվածում:
Զորքերի վերադասավորությունները կապված են ռազմական հետախուզության հաղորդած տվյալների հետ, ըստ որի՝ «Իսլամական ջիհադ» խմբավորումը նոր ահաբեկչություն է պլանավորել հարավային սահմանում: Իսրայելական բանակի ղեկավարության որոշման մասին տեղյակ է պահվել Եգիպտոսի իշխանություններին:
Գանցը նաև հրամայել է ավելացնել Սինայում և Գազայի հատվածում հետախուզական տվյալների ձեռք բերման ջանքերը: Ռազմական հետախուզությունը պետք է օգնի բանակին ահաբեկչական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործում, որոնք երկրի հարավում ահաբեկչական ակտեր են պլանավորել Իսրայելի քաղաքացիների դեմ: Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հրեական պետության իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնել արաբական այդ երկրում ծավալվող իրադարձությունների առնչությամբ, որոնք կարող են իսրայելա-եգիպտական սահմանագծում հանգեցնել լարվածության մեծացման: