«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալվել էին ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը և ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրանք անդրադարձան առկախված երկխոսության թեմային:
Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, թե հույս ունի, որ երկխոսությունը կշարունակվի, և ձգձգումը շինծու է, քանի որ դա չի վերաբերում երկրին, պետությանը և հասարակությանն առնչվող որևէ խնդրի: Մի տղայի կալանավորումը չի կարող երկխոսության առկախման հիմք հանդիսանալ, քանի որ, եթե անձը որևէ հանցանք է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի, հակառակ դեպքում դա կարող է նախադեպ դառնալ, և ուրիշներն էլ կարող են ինչ-որ արարք գործել և պահանջել երկխոսության դադարեցում: Նա նշեց, որ արհեստական խոչընդոտ է ստեղծվել:
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ասաց, որ ՀԱԿ-ը չի բարձրացնում երիտասարդի ազատարձակման հարց, այլ պահանջում է խափանման միջոցի փոփոխություն: Իգիթյանի կարծիքով, իշխանության որոշ կողմերի ձեռնտու է երկխոսության տապալումը, քանի որ նրանք հավանաբար ցանկանում են ստանձնել իրենց պաշտոնները: Իգիթյանը նշեց, որ երկխոսությունը ավելի շատ պետք է իշխանությանը, քան ընդդիմությանը, ուստի իշխանությունները պետք է փոխեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը և շարունակեն բանակցությունները:











































