Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ պետք է ետ վերադարձվի 1936 թվականից հետո թուրքական պետությանն անցած քրիստոնեական և այլ կրոնական համայնքների գույքը:
Այս մասին հայտարարվել է երեկ կազմակերպված իֆթարի (ճաշկերույթի) ժամանակ, որին մասնակցել են նաև փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, Ազգային կրթության նախարար Օմեր Դինչերը, Ստամբուլի նահանգապետ Ավնի Մութլուն, Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզը, Հույն պատրիարք Բարդուղեմիոսը, Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, ասորիների հոգևոր առաջնորդ Յուսուֆ Չեթինը և այլք։
Էրդողանի ստորագրած հրամանագրով ենթադրվում է, որ կրոնական փոքրամասնություններին պատկանող անշարժ և շարժական գույքի վերադարձ: Պետությանն անցած շինություններն ու այլ գույքը կվերադարձվեն իրենց իրական տերերին, իսկ երրորդ անձանց անցած գույքի դիմաց պետությունը կպարտավորվի վճարել սեփական գրպանից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ կրոնական փոքրամասնությունը կարող էր տնօրինել միայն այն սեփականությունը, որը ներառվել էր 1936 թվականի կառավարությանը ներկայացված ունեցվածքի ցուցակում։ Դրա արդյունքում Ստամբուլի հայ համայնքին պատկանող ավելի քան չորս տասնյակ միավոր գույք անցել էր պետությանը, իսկ ավելի քան ութ տասնյակ միավոր գույք դեռևս համարվում էր վիճարկելի ու պարբերաբար վարույթների թիրախ է դառնում:






































