Ընդդիմադիր Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիին, որին, հավանաբար, մոտ օրերս հնարավոր կլինի ձերբակալել, կդատեն Լիբիայում, և չեն հանձնի Հաագայի միջազգային քրեական դատարան: Նա բացատրել է, որ Լիբիան չի մտնում Հռոմի ստատուտը ստորագրած երկրների մեջ, և որ տեղական դատարանն առավելություն ունի միջազգային արդարադատության նկատմամբ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը Քադաֆիին և նրա որդուն՝ Սայֆ Ալ-Իսլամին, ձերբակալելու սանկցիա տվել՝ մարդկության դեմ գործած հանցանքների համար:
Լիբիայի ապստամբների՝ Տրիպոլին ազատագրելուց հետո բանտերից դուրս են թողել 10 հազար դատապարտվածների: Ապստամբները նաև հայտարարել են, որ բանտերից անհետացել են ևս 50 հազար դատապարտվածներ:
Լիբիայի ընդդիմությունը խոստացել է, որ մինչև սեպտեմբերի վերջը կսկսվի նավթի արտահանումը: Առաջին խմբաքանակը կարտահանվի երկրի արևելքում գտնվող Թոբրուք նավահանգստից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Այս պահին նավթավերամշակման բոլոր հինգ գործարանները չեն աշխատում սարքավորումների շարքից դուրս գալու և նավթի արդյունահանման դադարեցման պատճառով:










































