Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Սիրիայի և Լիբիայի խնդիրներին։ Սիրիայի վերաբերյալ Գյուլն ասել է. «Մենք մոտեցել ենք այն փուլին, երբ արդեն շատ ուշ է։ Մեր վստահությունը գործնականում սպառվել է։ Սիրիական ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը մեզ համար ունի կարևոր նշանակություն»։
Լիբիայի առնչությամբ Գյուլն ասել է. «Լիբիական ռեժիմի հետագա գոյատևումն անհնար էր դարձել։ Մոտ 2000 կիլոմետր ծովափ ունեցող, նավթով հարուստ և փոքրաթիվ բնակչություն ունեցող այդ երկիրը լավ ղեկավարություն ունենալու դեպքում կարող էր դառնալ աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ Սակայն Լիբիայի ավտորիտար ռեժիմի չափազանց տևական փուլը չէր կարող անվերջ շարունակվել, ինչն էլ, ի վերջո, եղավ»։
Գյուլը նաև հայտնել է, որ օգոստոսի 30-ին Հաղթանակի տոնն ընդունելու է միայն ինքը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Գյուլին առաջարկել էր համատեղ ընդունել Հաղթանակի տոնը, ինչպես որ եղել է մինչ օրս։ Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ Թուրքիայի պատմության ընթացքում առաջին անգամ Հաղթանակի տոնը կընդունի ոչ թե Գլխավոր շտաբի պետը, այլ երկրի նախագահը։
Հաղթանակի տոնը առնչվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի անվան հետ, որի գլխավորած զորքերը 1922 թվականի օգոստոսի 26-ին հարձակում են սկսել հունական զորքերի դեմ և օգոստոսի 30-ին տեղի ունեցած Դումլուփընարի վճռորոշ ճակատամարտում պարտության մատնել նրանց։ Այս հաղթանակը պետական տոնի կարգավիճակ է ստացել 1935 թվականի մայիսին։









































