Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է Արամ Առաջին Վեհափառի մոտ տեղի ունեցած հանդիպման մասին, որը բավականին ուշագրավ է դիտվում նաև Հայաստանից: Տեղեկությունը հաղորդում է այն մասին, որ Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Պակիստանի դեսպան Սալման Աթհարինին: Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում Արամ Առաջինը դեսպանին իրազեկել է Լիբանանի ներքին իրադրության վերաբերյալ իր դիտարկումների և մտահոգությունների մասին, նաև խոսել Կիլիկիո Կաթողիկոսության համազգային առաքելության մասին: Միաժամանակ, ինչպես հայտնում է Կիլիկիո Կաթողիկոսությունը, Արամ Վեհափառը դեսպանի խնդրանքով անդրադարձել է նաև միջկրոնական երկխոսության թեմային, քրիստոնյա-իսլամ կրոնական գործակցությանը, անդրադարձել այդ առնչությամբ օրինակների: Դեսպանն էլ խոսել է քրիստոնյա-իսլամ երկխոսությանը նոր թափ տալու կարևորության մասին, նաև հրավիրել Արամ Վեհափառին այցելել Պակիստան և դասախոսություն ունենալ այդ թեմաներով:
Ինչպես նշվում է տեղեկության մեջ, Արամ Առաջինը Պակիստանի դեսպանի հետ զրույցում խոսել է նաև Արցախի հայության իրավունքների մասին: Արամ Առաջինն առաջին անգամ չէ, որ հանդիպում է Լիբանանում հավատարմագրված դեսպանների հետ և քննարկում տարբեր հարցեր: Դեսպանների հետաքրքրությունը անշուշտ պայմանավորված է Լիբանանի կյանքում հայության ունեցած դերով, ինչպես նաև այդ համատեքստում էլ Կիլիկիո կաթողիկոսական տան դերակատարումով ու նշանակությամբ: Բայց, առաջին անգամ է հանդիպումը Պակիստանի դեսպանի հետ, որ տեղի է ունենում դեսպանի նախաձեռնությամբ: Եվ այդ հանգամանքի հանդեպ ուշադրությունը հատկապես պայմանավորված է նրանով, որ Պակիստանը այն երկրներից է, որ ընդգծված աջակցել է Ադրբեջանին, հայ-ադրբեջանական խնդրի համատեքստում չի գնացել անկախ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերության հաստատման, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայից, ինչպես նաև ռազմական մատակարարումներ իրականացնող Իսրայելից բացի, եղել է Ադրբեջանին գործուն աջակցություն ցույց տվող թերևս երրորդ երկիրը:
Քննարկվե՞լ է արդյոք Արամ Վեհափառի և Պակիստանի դեսպանի լիբանանյան հանդիպմանը Կովկասին, Հայաստանին, Արցախին առնչվող հարցերի շրջանակ: Վեհափառը խոսել է Հայաստանի և Արցախի ժողովուրդների իրավունքների մասին, սակայն հետաքրքրական է իհարկե, թե արդյո՞ք այդ թեմայով ծավալվել է խոսակցություն և ինչ դիրքորոշումներ ու մոտեցումներ է արտահայտել Պակիստանի դեսպանը: Թե՞ նա միայն լսել է հարցերը, որ շոշափել է Արամ Առաջինը: Արդյո՞ք Իսլամաբադը Արամ Առաջինի հետ հանդիպման նախաձեռնության տեսքով անում է ոչ միայն լիբանանյան իրադրությանն առավել հանգամանալից տիրապետելու, այլ նաև հայկական կողմի հետ ավելի լայն շփումներ ձևավորելու փորձ, կամ «հետախուզում»: Իհարկե բարդ է ասել, թե այսօր համաշխարհային իրադրությունն ու զարգացումները ստացել են այնպիսի տրամաբանություն, կամ այնպես են զրկվել որևէ բյուրեղացած տրամաբանական սխեմաներից և հայտնվել «բրոունյան շարժման» ռեժիմում, որ պետք չէ բացառել ոչինչ: Եվ ավելին, գուցե հենց հայկական կողմին էլ արժե դիտարկել եղած հնարավորություններն օգտագործելու տարբերակը: Այս ֆոնին թերևս ավելորդ չի լինի նաև հիշել հանգամանքը, որ 2022 թվականի ապրիլին Պակիստանում փոխվեց կառավարությունը, խորհրդարանն անվստահություն հայտնեց վարչապետ Իմրան Խանին, իսկ այդ քայլին հասարակական ընդվզումով հակազդելու Խանի փորձը ձախողվեց: Ի դեպ, նա իր հեռացման համար մեղադրում էր Միացյալ Նահանգներին: Վաշինգտոնը ողջունեց Պակիստանում նոր վարչապետի պաշտոնին Շահբազ Շարիֆի՝ Պակիստանի նախկին վարչապետ Նազարի Շարիֆի կրտսեր եղբոր նշանակումը:











































