«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը
Տիկին Վարդանյան, «Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունները խնդրահարույց են համարվում: Դուք ինչպե՞ ս եք գնահատում այդ փոփոխությունները:
Իհարկե, մենք ի սկզբանե դեմ էինք այդ փոփոխություններին: Իրենք փոփոխություն մտցրեցին, որը հակասահմանադրական է, ըստ որի, եթե բողոքի ցույցեր են եղել ու դրա պատճառով հանքարդյունահանողը չի աշխատել, ապա այդքան ժամանակով երկարացվում են թույլտվությունները: Ըն որում այդ դրույթին 4 տարվ հետադարձ ուժ են տվել, իսկ 4 տարվա ընթացքում միայն Ամուլսարն է, որ չի աշխատել բողոքի ցույցերի պատճառով: Նախագծով չէին գրել, թե քաղաքացիների անհնազանդություն ինչ է նշանակում: Հետո մենք սկսեցինք բողոքել, ավելի վատացրին, սահմանում տվեցին, որ քաղաքացիների անհնազանդությունը պետական ծրագրերին և պետության դեմ գործողություն է: Այսինքն՝ եթե մենք բիզնեսին դեմ ենք և հանուն մեր ապրելավայրի ենք պայքարում, դուրս է գալիս, որ մենք պետության դեմ ենք: Այսինքն որպես անհաղթահարելի ուժ դիտեցին նաև քաղաքացիների բողոքը, անհնազանդությունը, այն դեպքում, երբ «անհաղթահարելի ուժ» հասկացությունը տրված է քաղաքացիական օրենսգրքով և ամեն մի օրենքով դրան նոր սահմանում չպետք է տան: Չի կարող սահմանադրական իրավունքը, այսինքն մարդկանց խաղաղ բողոքի ցույցեր, երթեր կազմակերպելու իրավունքը դառնա անհաղթահարելի ուժ: Այսինքն խախտվել է Սահմանադրությամբ նախատեսված մարդկանց իրավունքը: Մյուս կողմից դրան հետադարձ ուժ տալով խախտել են Սահմանադրության 73-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ օրենքին հետադարձ ուժ չի կալերի տալ, եթե խախտվում են այլոց իրավունքները: իսկ այստեղ, փաստորեն, բացի արդյունահանողից, բոլորի իրավունքները խախտվում են ու սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Սա հիմնական հիմքն էր, որ մենք փողոքում էինք այդ փոփոխությունների դեմ:
Ինչ վերաբերում է նրան, որ այս փոփոխություններով լավ պայմաններ են ստեղծում հանքարդունահանողի համար, դա վերաբերում է ռազմավարությանը: Հիմա փորձում են փոխել ռազմավարությունը, որով թեթևացնում են թույլտվություններ տալը ու դրանով խախտում են շատերի իրավունքները: Եթե ռազմավարությունն ընդունվի, դրա հիման վրա օրենսդրական փոփոխություններ էլ կանեն: Նշված է, որ հանքարդյունահանման թույլտվության հետ տրվում է նաև հողօգտագործման, ջրօգտագործման թույլտվությունները: Բայց ո՞նց կարող է տրվել, եթե դա համայնքային սեփականություն է, կամ ասենք, քաղաքացիների սեփականություն է: Դա նշանակում է, որ եթե պետությունը հանքարդյունահանման թույլտվություն տվեց, ուրեմն սեփականության իրավունքից համայնքը կամ քաղաքացին զրկվո՞ւմ է: Այսինքն՝ քաղաքացին էլ չի կարողանալու ասել՝ սա իմ սեփական հողն է, ես չեմ թողնում դու մտնես: Սա է ամենավտանգավոր բանը:
Մենք նաև ասում էինք, որ պետք է ավելանա սոցիալական պատասխանատվությունը, դա էլ չի ավելացել, գալիս, ավերում են մարդկանց բնակատեղին, միջավայրը ու թողնում գոնւմ են, ու ոչ մի սոցիալական պատասխանատվություն չկա: Մենք նշել էինք, որ հանքարդյունահանողը, երբ թույլտվությունը ստանում է, հենց այդ ժամանակ էլ պետք է ներկայացնի, թե ինչ սոցիալական ծրագրեր է անելու և պարտավոր է դա անել: Օրինակ, մարդու առողջության հետ կապված, բնակավայրերը զարգացնելու առումով, աշխատողներին անվտանգության պայմաններ ստեղծելով և այլն: Այսինքն մենքմ եծ փաթեթ էինք ներկայացրել, որը չի անցել: Իսկ իրենց ռազմավարությունը հանքարդյունահանությանը նպաստող է, և ի վնաս բնության, ի վնաս մեր քաղաքացիների: Մենք կարծում ենք, որ եթե դիմենք ՍԴ, այդ օրենքը կչեղարկվի: Սակայն, քանի որ քաղաքացիներն իրավունք չունեն նախքան դատական գործընթաց անցնելու դիմել ՍԴ, պետք է պատգամավորների 1/3-ը դիմի:
ՀՀ նախագահը հայտարարել է, որ օրենքը հակասահմանադրական չէ, հաշվի են առնվել բոլորի կարծիքները:
Ո՞նց է հաշվի առել: Ինքն ասում է՝ ես հանդիպեցի աշխատակազմի հետ, նախարարության հետ, բայց նրանք նպատակ էին դրել դա անցկացնել: Չնայած Շրջակա միջավայրի նախարարությունը ևս դրան դեմ էր: Հիմա ոչ մի նախարարություն չի հվանում այդ ռազմավարությունը, բայց անցկացնում են: Ես Հանքարդյունահանման ճյուղերի խորհրդի անդամ եմ և մենք՝ հասարակական կզմակերպություններով բոյկոտում ենք դա, որովհետև մեր ոչ մի առաջարկ հաշվի չեն առել: Հիմա ամբողջ օրենսդրությունը փոխվում է, որպեսզի հանքարդյունահանողը արտոնյալ պայմաններով անի այն, ինչ ուզում է, ավերակ թողնի Հայաստանն ու գնա: Եթե կային մարդիկ, որոնք ունեին իրավունք լսումների մասնակցելու, դիմակայելու, օրինակ, Գլաձորում երկու տարի պայքարեցին, և իրենց մոտ չտացվեց հանքարդյունահանությունը, հիմա նորից գլուխ են բարձրացրել: Ուզում եմ ասել՝ ինչ-որ լծակներ կային համայքնների ու բնակչության ձեռքին, ու հիմա փաստորեն այդ ամենից զրկվում են: Փորձաքննությունների վերաբերյալ օրենսդրության մեջ էլ են ուզում լսումներին վերաբերող հոդվածները հանել: Փաստորեն այն, ինչը այսքան տարիներին ձեռքբերում է եղել, որ Օրհուսի կոնվենցիայի հիման վրա լսումներ էին անում, թեև միշտ չէ, որ դրանք արդյունք էին ունենում, սակայն ինչ-որ կերպ մարդիկ կարողանում էին ազդել պրոցեսի վրա, հիմա դա էլ են ուզում վերցնել մարդկանցից:
Հաշվի առնելով, որ Ամուլսարի գործով քրեական վարույթը կարճվել է, հիմա ավելի կարագանա՞ն գործընթացները:
Հիմա քրեական ուրիշ գործեր կան, Ամուլսարի քրեական գործն այդքան էական չէր: Բայց դա սխալ է կարճվել, որովհետև մի հիմքով հարուցվել է, մյուս հիմքով կարճվել է, չի կարող նման բան լինել: Իրենք ասում են՝ տեղեկատվություն չեն տրամադրել ռիկերի մասին: Գործը հրուցվել է պաշտոնատար անձանց դեմ, որ նրանք իմացել են ռիսկերի մասին, սակայն չեն տեղեկացրել բնակչությանը: Իսկ կարճվել է այն հիմքով, որ «Լիդիանի» գործողություններում հանցակազմը բացակայում է, մինչդեռ «Լիդիանի» վրա գործ չի էլ եղել: Այսինքն մի բան հարուցել են, մի բան կարճել են: Այդ որոշումն էլ մենք պահանջել ենք, չեն տալիս, որ կարողանանք բողոքարկել: Բայց բացի դրանից կա 2-3 գործ, որոնք 4 տարի է՝ ընթացքի մեջ են ու չգիտենք՝ ինչ են անում:
Այնուամենայնիվ, Ամուլսարը չի շահագործվելու, ամառ է, լավ եղանակ, ինչու չեն աշխատում, թող գնան աշխատեն: Իրենք այս ամենը անում են, որ թանկ վաճառեն: Կանաչ լույս կա կառավարության կողմից, եղանական էլ նպաստավոր է, թող գնային շահագործեին, ինչու չեն գնում:







































