«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայոց ցեղասպանության ճանաչման Գերմանիայի հանձնախմբի նախկին անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը (Գերմանիա, Բեռլին):
-Պարոն Քոչարյան, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Թուրք պաշտոնյաները մշտապես նշում են, որ սփյուռքում կա այդ պրոցեսին հակադրություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները, ի՞նչ կարող ենք սպասել։
-Ես անձամբ թերահավատ եմ, որ այս պրոցեսը հաջողություն կունենա։ Ցավոք սրտի Փաշինյանը չունի այն փորձը, որը կարողանա խաբեբա աղվես Էրդողանի հետ բանակցել ու դրական արդյունք գրանցել։ Ընդհանրապես այժմյան մեր կացությունը, պարտված վիճակը թույլ չի տալիս ուժեղի դիրքերից խոսել։ Ուստի կարծում եմ, որ խաղաղության ու հարաբերությունների զարգացման ներկայիս բանակցություններն ավելորդ են, որովհետև դրանք տեղի են ունենում Թուրքիայի պահանջով ու ցանկությամբ։ Մենք այստեղ շահ չենք կարող ունենալ։ Երբ խոսում են ճանապարհների մասին, ես զարմանում եմ, երբ ասում են, որ Հայաստանը Թուրքիայի երկաթուղուց և այլնից պետք է օգտվի։ Չեմ տեսնում, որ Հայաստանում լինի այնպիսի արտադրանք, որի պահանջը Եվրոպայում կա։ Ցավոք սրտի այս պրոցեսի պահանջողը Թուրքիան է և ոչ թե մենք, մեր ձայնն այստեղ բարձր չէ։
-Կարծում եք հնարավոր չէ՞ հասնել դրական զարգացման, գուցե Հայաստանն էլ կարողանա այս պրոցեսից օգուտ քաղել։
-Ես չեմ կարծում, որ այդպես լինի։ Տեսեք՝ Թուրքիան ասում է, որ առանց նախապայմանների եմ խոսելու Հայաստանի հետ, բայց մյուս կողմից էլ ասում է, որ ինքը խորհրդակցելու է Ադրբեջանի հետ ու նկատի է առնելու Ադրբեջանի շահերը; Սա նախապայման չէ՞։ Ես զարմանում եմ, թե ինչու Հայաստանը մեկ անգամ ինքը նախապայման չի դնում՝ Ցեղասպանության ճանաչում, հողերի վերադարձ։ Ասես՝ գիտեմ, որ չեն անի, բայց գոնե ասես, որ աշխարհն էլ իմանա։ Իրենց երբ հարմար է առաջարկում են երկխոսություն ու պահանջներ դնում։
-Հեռախոսազրույցի մեջ Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկար, գուցե Թուրքիան է՞լ է հետ կանգնում իր դիրքերից։
-Եթե չկա հիշատակում՝ դա չի նշանակում, որ պրոցեսն ի շահ Հայաստանի է լինելու։
-Ռուսական լրատվամիջոցները տարածում են ինֆորմացիա, որ Թուրքիան առաջարկում է, որ բանագնացների առաջիկա հանդիպումները լինեն Անկարայում և Երևանում։ Ինչու՞ Թուրքիան չի ուզում երրորդ երկրների մասնակցություն այս պրոցեսում։
-Թուրքիան այդպես է ուզում, որպեսզի միայն Հայաստանի վրա կարողանա ճնշում գործադրել։ Ես գտնում եմ, որ եթե բանակցություններն այդուհանդերձ լինելու են՝ շատ լավ կլինի որ ոչ թե Երևանում ու Անկարայում լինեն, այլ հենց Վիեննայում։ Առաջին հեռախոսակապի մասին այդ մասին չխոսվեց, բայց ապագայում դրան էլ անդրադարձ կլինի։ Ընդհանրապես այս երկխոսությունները գալիս են Թուրքիայից ու Անդրբեջանից։ Նրանք շահ ունեն, որ ցանկանում են այս պրոցեսները լինեն։ Ես կարծում եմ, որ առայժմ պետք չէր նման երկխոսությունների մասնակցել։ Կարելի է խոսել, բարևել, բայց գործնական քայլ առայժմ պետք չէր անել։ Ամեն պարագայում՝ եթե Թուրքիան եթե շահ չունենա՝ չի մտնի երկխոսության մեջ։ Ինձ այդ հանգամանքը շատ է անհանգստացնում։











































